Հասնելու ենք նրան, որ դատապարտող հայտարարություններից բացի, ռեալ գործիքակազմեր կիրառվեն. փոխնախարարը՝ հայ գերիներին գնդակահարելու մասին

Հայաստանն ամեն գնով հասնելու է նրան, որ ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ գերիներին գնդակահարելու փաստի տեսանյութի առնչությամբ միջազգային հանրությունից լինեն ոչ միայն դատապարտող հայտարարություններ, այլ նաև՝ ռեալ գործիքակազմեր կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար, Արդարադատության նախարարի պաշտոնակատարի լիազորություններն իրականացնող (Հեղ.-Կարեն Անդրեասյանը գտնվում է արձակուրդում) Գրիգոր Մինասյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մեր գործընկերները՝ թե ՄԻՊ-ը, թե կառավարության միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչները արդեն գործիքակազմեր են կիրառում և դիմելու են թե ՄԻԵԴ, թե Արդարադատության միջազգային դատարան»,-ասաց նա:

Մինասյանը վստահեցրեց, որ նախարարությունն ամեն ինչ անում է, որ իրավական առումով և գնահատականները տրվեն, և միջազգային գործընկերների հետ աշխատելով հնարավորինս բերեն այն հանգուցալուծմանը, որ նման դեպքերը բացառվեն:

«Ամեն գնով հասնելու ենք նրան, որ բացի դատապարտող հայտարարություններից, նաև ռեալ գործիքակազմեր կիրառվեն և մեղավորները գոնե միջազգային հանրությունում ֆիքսվեն որպես մեղավոր, և այդ արարքը դատապարտվի»,-ասաց Մինասյանը:

Ըստ նրա՝ այդ տեսանյութը և վերջին մի քանի տարիներին, ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ խաղաղությունը ժողովրդին, բոլորին պետք է: Սակայն, այդ տեսանյութը նաև ապացուցում է, որ անելիքներն այդ ուղղությամբ դեռևս շատ են:

Իսկ, թե ինչ է սպասվում միջազգային դատարաններ դիմելուց հետո՝ նա ասաց. «Նախ՝ արձանագրել տվյալ հանցագործությունը, նաև միջազգային գործընկերների հետ աշխատանքի միջոցով ստիպել, որ իրենց ներպետական օրենսդրության հիման վրա քրեական պատասխանատվության ենթարկվեն տվյալ հանցագործները»:

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվել էր տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում հայ գերիներին։ Տեսանյութին անդրադարձել էր նաև Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Հրապարակվել է հերթական տեսանյութը, որում հավանաբար մահապատժի են ենթարկվում հայ ռազմագերիներ։ Եթե տեսանյութի իսկությունը հաստատվի, ապա դա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,-նշել էր Կլաարը:

Տեսանյութեր

Լրահոս