Բաժիններ՝

ՀՀ-ում սրտանոթային հիվանդություններից մահացության ցուցանիշի բարելավում է գրանցվել

Հայաստանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինն ունեն սրտանոթային հիվանդությունները՝ կազմելով 48.3 տոկոս: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ Դիանա Անդրեասյանը նշեց, որ վերջին տվյալների համաձայն գրանցվել է սրտանոթային հիվանդություններից մահացության ցուցանիշի բարելավում:

«2021 թվականին մահացության ցուցանիշը կազմել է 16 հազար 589, 2020 թվականին՝ 17 հազար 114: Ինչպես տեսնում ենք 525 դեպքով նվազում է գրանցվել: Ասեմ, որ Մինչ 2019 թվականը մենք, ընդհանուր առմամբ, ունեինք նշված թվերի նվազման միտում, սակայն 2020 և 2021 թվականների իրադարձությունների (խմբ.-պատերազմ, քովիդ) հետևանքով այդ տեմպը փոքր-ինչ փոխվեց»,-ասաց Դիանա Անդրեասյանը:

Մինչև 70 տարեկան տղամարդկանց շրջանում, կանանց համեմատ, մահացությունը զգալիորեն բարձր է՝ շուրջ 2 անգամ: Պատճառներից մեկ ոչ առողջ ապրելակերպն է՝ ծխախոտի օգտագործում, զարկերակային բարձր ճնշում, ֆիզիկական թերակտիվություն, ճարպակալում, աղի չարաշահում: ՀՀ առողջապահության նախարարության hիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Լիանա Բարսեղյանը նշեց, որ լայնածավալ աշխատանքներ են իրականացվում, որոնք ուղղված են մահացության ցուցանիշի նվազմանը, հասարակության շրջանում իրազեկվածության բարձրացմանը: Նա ընդգծեց, որ սրտանոթային հիվանդությունների կանխարգելումը, վաղ հայտնաբերումը, հիվանդացության և մահացության ցուցանիշի բարելավումը ՀՀ առողջապահության նախարարության հիմնական խնդիրներից մեկն է:

«Դրանցից է զարկերակային գերճնշման հայտնաբերման նպատակով իրականացվող կանխարգելիչ սկրինինգային ծրագիրը: 35-68 տարեկան անձինք կարող են այցելել պոլիկլինիկաներ ու հետազոտվել: Մյուս ծրագիրը 2015 թվականից մեկնարկած «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» (stand for life) ծրագիրն է: Սուր ինֆարկտի ծանր դեպքերում, բժշկական համապատասխան ցուցումների առկայության պարագայում իրականացվում է անվճար ստենտավորում: Արդեն 14 հազարից ավելի մարդու բժշկական ծառայություն է մատուցվել այս ծրագրի շրջանակում»,-ասաց Լիանա Բարսեղյանը:

2015 թվականին ծրագրի համար նախատեսված է եղել շուրջ 950 մլն դրամ: 2022 թվականի համար բյուջեով նախատեսված է 1 մլրդ 650 մլն դրամ: Լիանա Բարսեղյանը նշեց, որ պահանջարկին զուգահեռ ավելացվում է նաև ֆինանսավորումը:

ՀՀ առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանը շատ կարևոր է համարում քաղաքացների հետևողական մոտեցումը: Նա ընդգծեց, որ ոչ բոլորն են պատշաճ հետևում իրենց առողջությանը: Արդյունքում՝ քիչ չեն դեպքերը, երբ ծրագրի շահառուները, որոնք արդեն ստենտավորվել են, որոշ ժամանակ անց կրկին վերադառնում են:

«Մեր հասարակության շրջանում խնդիր է ծխախոտամոլությունը: Շատերը, հիվանդության շեմին կանգնած լինելով, չեն հրաժարվում ծխախոտից: Դրանից բացի, պետք է հետևել սննդակարգին, վերահսկել քաշը, ապահովել ֆիզիկական ակտիվություն: Սրանք ամենակարևոր գործոններն են»,-ասաց մասնագետը:

Առողջապահության նախարարության կողմից ստեղծվել է սիրտանոթային հիվանդությունների կառավարման համար աշխատանքային խումբ, որը պետք է ներկայացնի նոր ուղղություններ, ծրագրեր: Համլետ Հայրապետյանը նշեց, որ արդեն մի շարք առաջարկություններ ներկայացրել են: Շատ կարևոր է առաջնային օղակի ուժեղացումը, պոլիկլինիկաներում սրտաբանական ծառայությանը բարելավումը: Նախատեսվում է իրականացնել կրթական, գիտական ծրագրեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս