Բաժիններ՝

«Երբեք նման բան չեմ տեսել». Ջոլին այցելել է ջրհեղեղների հետևանքով լուրջ ավերածություններ կրած Պակիստան

Հոլիվուդյան աստղ, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին այցելել է վերջերս տեղատարափ ջրհեղեղների հետևանքով լուրջ վնասներ և ավերածություններ կրած Պակիստան, որտեղ տարերային աղետի հետևանքով մոտ 1600 մարդ է զոհվել, ավելի քան 7 մլն-ը՝ տեղահանվել, գրում է Daily Mail-ը:

Ջոլին հանդիպել է ջրհեղեղների հետևանքով տուժածների հետ, ապա շեշտել, որ Պակիստանում տեղի ունեցած աղետը պետք է արթնանալու կոչ լինի աշխարհին՝ կլիմայական փոփոխությունների հետ կապված:

Ներկայում ավելի քան յոթ միլիոն տեղահանվածից շատերն ապրում են ժամանակավոր վրաններում՝ առանց մոծակներից պաշտպանության և հաճախ մաքուր խմելու ջրի կամ լվացքի միջոցների քիչ հասանելիության:

«Ես երբեք նման բան չեմ տեսել», – ասել է Ջոլին, որն ավելի վաղ այցելել էր Պակիստան՝ հանդիպելու 2010 թվականի ավերիչ ջրհեղեղի և 2005 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերին:

«Ես միանգամայն ձեզ հետ եմ՝ միջազգային հանրությանը ավելին անելու մղելու համար… Կարծում եմ, սա իսկական ահազանգ է աշխարհին այն մասին, թե որտեղ ենք մենք գտնվում: Կլիմայի փոփոխությունը ոչ միայն իրական է և ոչ միայն գալիս է, այլև արդեն այստեղ
է», – ասել է նա մայրաքաղաք Իսլամաբադում քաղաքացիական և ռազմական պաշտոնյաների հանդիպման ժամանակ:

Ջոլին, որը ներկայացնում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին, այցելել է հարավային Սինդ նահանգ՝ ամենաշատ տուժած նահանգներից մեկը, որտեղ հանդիպել է ճամբարներում բնակվող տեղահանվածների հետ:

Միավորված ազգերի կազմակերպությունը նախազգուշացրել է պակիստանցիներին սպասվող «երկրորդ աղետի» մասին. խոսքը մալարիայի, խոլերայի, ինչպես նաև թերսնուցման մասին է:

Գիտնականները ռեկորդային մուսոնային անձրևները կապում են կլիմայի փոփոխության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս