Բաժիններ՝

«Ինչո՞ւ այս բոլոր չարիքները եկան մեզ վրա»

«Եթե Տերը մեզ հետ է, ինչո՞ւ այս բոլոր չարիքները եկան մեզ վրա, ո՞ւր են նրա բոլոր զարմանահրաշ գործերը» (Դատ. 6.13)։ Աստվածաշնչյան այս դրվագում հնչող հարցը ասես այս օրերին մեր մտքում շրջող միակ հարցը լինի։ Ինչո՞ւ են մեզ հետ պատահում այսքան փորձություններ, եթե Աստված մեզ հետ է, մեր պաշտպանն է։

Եվ երբ աղետներ ու խնդիրներ են հայտնվում մեր կյանքում, առաջին հարցը, որ տալիս ենք, հնչում է որպես մեղադրական՝ «Աստված մեզ հետ չէ՞»։ Իսկապես, իսկ մենք էլ կարծում էինք, թե Նրա ներկայությունը մեր կյանքում հավերժ է, ինչպես Նա Ինքը, և թե կարիք չկար այլևս ջանքեր գործադրել՝ Աստծո ամենաթանկ ներկայությանն արժանի դառնալու համար։ Չէ՞ որ երբեք Նա չի հեռանա։

Մենք «մեղադրում ենք» Աստծուն՝ մեզ լքելու մեջ, սակայն ինչո՞ւ է մեր խստությունը միայն մեր Արարչին վերաբերում՝ օգտվելով Նրա անսահման բարությունից։ Ինչո՞ւ պարզ ճակատով չենք կանգնում՝ մեր անցյալին նայելու և եզրակացություններ անելու։ Իսկ ի՞նչ կստացվի, եթե նայենք անցյալին։

Վստահաբար, ամենքս էլ կյանքում հիշելու ենք այնպիսի դեպքեր, դրվագներ, երբ գործել ենք՝ գիտակցելով, որ հակառակվում ենք Աստծուն։ Երբ լսել ենք Աստծո ձայնը, որն ուղղորդել է, սակայն ականջալուր չենք եղել դրան և առաջնորդվել ենք՝ ելնելով մեր վախերից, չհամարձակվելով խիզախել և ընտրել աստվածահաճո ուղին։ Կտեսնենք, որ ամենքս էլ խախտել ենք Աստծո խոսքը՝ ստելով, բամբասելով, հայհոյելով և չարանալով։ Գուցե ավելի ծա՞նր մեղքեր գործելով․ դա գիտենք միայն մենք և Աստված։

Եվ էլ ի՞նչ պատճառ է պետք, որ Աստված հեռանա մեր տեսադաշտից։ Որ ոչ թե լքի մեզ, այլ լռի, ոչ թե խռովի, այլ սպասի, թե երբ ենք հիշելու Նրան և դիմելու՝ ոչ թե մեղադրելով, թե՝ «այդ ո՞ւր ես, Տե՛ր և ինչո՞ւ չես օգնում», այլ ծնկի իջնելով, ապաշխարելով և աղոթելով․ «Աստվա՛ծ, խոսի՛ր ինձ հետ»։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս