Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամի գույքն անցավ ԱԱԾ-ին
Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող 7,389,360 դրամ ընդհանուր արժեքով գույքը Կառավարության սեպտեմբերի 22-ի որոշմամբ նվիրաբերվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը։
Ըստ ընդունված որոշման՝ գույքը նվիրաբերվում է սահմանապահ զորքերի աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով։
Մեկամսյա ժամկետում Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամի գլխավոր տնօրենի հետ համատեղ պետք է իրականացվեն հանձնման-ընդունման աշխատանքներ, դրանց հետ կապված ծախսերը կիրականացնի ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամը ստեղծվել է ՀՀ Կառավարության 2016 թվականին ընդունված որոշմամբ: Հիմնադրամի գործունեության նպատակն է եղել մարզի սոցիալ-տնտեսական տարբեր ոլորտների կայուն զարգացմանը նպաստելը:
Ըստ հիմնադրամի կանոնադրության՝ իր առջև դրված նպատակների արդյունավետ կատարումն ապահովելու համար հիմնադրամը ներգրավում է միջոցներ, համագործակցում է ՀՀ և օտարերկրյա հասարակական կազմակերպությունների, միջազգային տնտեսական կառույցների, գործակալությունների և հիմնադրամների հետ:
Դեռ անցյալ տարի 168.am-ը գրել էր, որ 2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ Փաշինյանի ղեկավարած Կառավարությունը 1.5 միլիարդ դրամ հատկացրեց Սյունիքի մարզի կարիքների բավարարման համար։
Ուշագրավ էր, որ հունիսին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Կառավարության որոշմամբ 1.5 միլիարդը բյուջեից ուղղվել էր ոչ թե Սյունիքի մարզպետարանին, այլ Սյունիքի մարզի զարգացման և ներդրումների հիմնադրամին։
Դա այն ժամանակ առաջացրել էր Ֆինանսների նախարարության դժգոհությունը, և ներկայացրել էին իրենց առարկությունները, որ այդ հիմնադրամին պետական բյուջեից գումարի հատկացումը կասկածելի է և այդ հիմնադրամին գումար են տալիս մի նպատակի համար, որի ծախսման նպատակը հստակ ներկայացված չէ, ավելին՝ հայտնի չեն նաև գումարը ստացողները, ակնհայտ չեն նաև այն թիրախավորված խնդիրները, կարիքների գնահատումները, որոնք անհրաժեշտ են գումարի բաշխման համար։ Ավելին՝ Ֆինանսների նախարարությունից նաև հայտնել էին, որ Սյունիքի մարզի առաջնահերթ և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման առնչությամբ բացակայում են աջակցության արդյունքների և հրատապ հիմնախնդիրների նվազեցման միտումների վերաբերյալ գնահատումներն ու հիմնավորումները։
Ի դեպ, անցյալ տարի հուլիսի 21-ի հերթական նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով էլ նույն հիմնադրամին, նույն փաթեթավորմամբ՝ հրատապ խնդիրների լուծման համար, որոշվեց նորից 1.4 միլիարդ դրամ հատկացնել։
Այդ հիմնադրամն այն ժամանակ հրատապ էր որակել ինչ-որ վարչության շենքի նորոգումը, ՊԵԿ-ի համար նոր մեքենայի գնումը, Ոստիկանության համար 2 նոր մեքենայի գնումն ու հիմնադրամի՝ կուտակած պարտքերի մարումը անցյալ տարի հիմնադրամը, որպես հրատապ լուծման անհրաժեշտություն ներկայացրել էր ինչ-որ վարչության շենքի նորոգումը, ՊԵԿ-ի համար նոր մեքենայի գնումը, Ոստիկանության համար 2 նոր մեքենայի գնումն ու հիմնադրամի՝ կուտակած պարտքերի մարումը։
Հենց այս նպատակների համար էլ նախատեսված էր ծախսել բյուջեից հատկացված 1 միլիարդ 400 միլիոն դրամը։