
Իրանն ու Ադրբեջանը մեկնարկել են Արաքսի վրայով ավտոմոբիլային կամրջի կառուցումը

Իրանը և Ադրբեջանը պաշտոնապես մեկնարկել են Արաքս գետի վրայով ավտոմոբիլային կամրջի կառուցումը երկու երկրների սահմանամերձ Աղբենդի շրջանում։
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին և Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը պաշտոնական արարողությունն անցկացրել են տեսակոնֆերանսի միջոցով։ Այս մասին, shantnews-ի փոխանցմամբ՝ հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։
Նախագծի արդյունքում կստեղծվի Ադրբեջան-Իրան-Նախիջևան միջանցք, որը Ադրբեջանի Արևելյան Զանգեզուրի շրջանը Իրանի տարածքով կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ:
Գործակալությունը նշում է, որ այս կամրջի կառուցումը կընդլայնի երկկողմ հարաբերությունները և բեռների տարանցումը Իրանի և Ադրբեջանի միջև և տարածաշրջանում։
Կամրջի երկարությունը 220 մ է, լայնությունը՝ մոտ 25 մ։ Ծրագրի տևողությունը նախատեսվում է 18 ամիս։
Ռոստամ Ղասեմին և Շահին Մուստաֆաևը հանդիպել էին մայիսի 18-ին Թեհրանում՝ փոխադարձ համաձայնության մանրամասները քննարկելու նպատակով։
Համաձայնագիրը ներառում էր ճանապարհային հաղորդակցության ստեղծում Նախիջևանի և Ադրբեջանի միջև Իրանի տարածքով. այն ստորագրվել էր Իրանի և Ադրբեջանի համատեղ տնտեսական կոմիտեի 15-րդ հանդիպման ժամանակ: