
«1915-ին հայերը ենթարկվել են մեծ հալածանքների»․ թուրք հաղորդավար

Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցներից «Tele1» լրատավական ալիքի հաղորդավար Էնվեր Այսևերը հայտնվել է սկանդալի մեջ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իզմիրի ընդդիմադիր քաղաքապետ Թունչ Սոյերի՝ Օսմանյան կայսրությանը վատաբանող մտքերի քննարկման ժամանակ հաղորդավարը ևս բացասաբար է արտահայտվել հիշյալ կայսրության մասին։
Նա նշել է, որ 1915 թվականին հայերը մեծ հալածանքների են ենթարկվել։
«1908-ի մեծ հեղափոխությունից հետո կրկին հետընթաց եղավ: Ամենացավալի իրադարձություններից մեկն այն էր, որ 1915-ին հայերի նկատմամբ հալածանքներ իրականացվեցին։ Էլ չասած որ պիտի ընդունենք սեպտեմբերի 6-ի դեպքերը»,- ասել է հաղորդավարը։
Թուրքական իշխանամետ լրատվամիջոցներ դատապարտել են հաղորդավար Այսևերի հնչեցրած մտքերը՝ նրան մեղադրելով Հայոց ցեղասպանության թեմային տուրք տալու և այն պաշտպանելու մեջ։