
«Սուրմալու»–ի պայթյունից զոհերի ընտանիքներին 3 միլիոն, վիրավորներին մինչև 300.000 դրամ աջակցություն
Կառավարությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց աջակցություն կտրամադրի: Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Նախագծով առաջարկվում է միանվագ դրամական օգնության ձևով աջակցություն տրամադրել զոհված անձանց ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց: Մասնավորապես, առաջարկվում է սոցիալական աջակցություն տրամադրել վիրավորում ստանալու դեպքում հիվանդանոցային պայմաններում մինչև 3 օր բուժման մեջ գտնված անձանց՝ 150 հազար դրամի չափով, 3 և ավելի օր բուժում ստացածներին՝ 300 հազար դրամի չափով: Զոհված անձանց ընտանիքների դեպքում յուրաքանչյուր զոհվածի համար 3 միլիոն դրամի չափով»,- ասաց Մկրտչյանը: