«Իշխանություններն առաջնորդվում են պատերազմի օրակարգով, բայց ոչ թե թշնամու, այլ հայ ժողովրդի դեմ»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մի քաղաքագիտական սկզբունք կա. ասում են՝ պատերազմը տվյալ պետության քաղաքականության արդյունքն է կամ քաղաքականության շարունակությունը: Թե՛ 2020 թվականի 44-օրյա, թե՛ վերջին եռօրյա պատերազմը Երևանում նստած իշխանության քաղաքականության տրամաբանական շարունակությունն էին: Այս հարձակումները, պատերազմներն իրենք են բերում՝ իրենց տհաս քաղաքականությամբ, հիմարություններ անելու շարունակականությամբ: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվել յանն՝ անդրադառնալով թշնամու վերջին հարձակմանը, դրանից բխող խնդիրներին ու հետևանքներին:

«Այս իշխանությունները չեն հասկանում արդի միջազգային հարաբերությունները, չեն հասկանում, թե անվտանգային համակարգն ինչպես է կառուցված, ինչպես է աշխատում: Նրանք զբաղված են ընդամենը իրենց իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքով, ինչը ամեն անգամ սխալների է հանգեցնում: Այդ սխալները, սակայն, մեզ վրա սարսափելի թանկ են նստում՝ հարյուրավոր նոր զոհեր, նոր, մեղմ ասած, խնդիրներ: Ադրբեջանական կողմն այս անգամ հասավ նրան, որ ամբողջ հարավից սկսած մինչև Վարդենիս իր դիրքերն առաջ է տարել: 1կմ-ից մինչև 4 կիլոմետր ավելի են խորացել ՀՀ տարածքի մեջ ու հիմա ամրանում են այդ դիրքերում, և իրենց հետ շպրտելու ոչ մի գործողություն չի արվում: Սկզբունքորեն ադրբեջանական կողմն իր նպատակին հասավ. հետ մղեցին այդ դիրքերից հայկական զորքերին, հերթական անգամ վնաս հասցրին, հերթական անգամ, ցավոք սրտի, մեծ թվով զոհեր, վիրավորներ ու գերիներ ունենք»,-ասաց մեր զրուցակիցը:

Արմեն Մանվել յանի խոսքով, անգամ այսքանից հետո իշխանությունները շարունակում են նույն վարքագիծը դրսևորել: «Էլի ներխուժել են ՀՀ տարածք, բայց այսքանից հետո հայկական կողմը կրկին ինչ-որ հիմար օրակարգերից է խոսում՝ անունը դնելով «խաղաղության օրակարգ», ինչն իրականում պատերազմի օրակարգ է: Այսօրվա իշխանություններն առաջնորդվում են պատերամզի օրակարգով, բայց պատերազմ ոչ թե թշնամու դեմ, այլ հայ ժողովրդի նկատմամբ: Այսօրվա իշխանության խնդիրն ամեն գնով իշխանության մնալն է: Իսկ իշխանությունը պահել է պետք. օրինակ՝ զոհվածների ծնողների վրա հարձակվելն իրենց համար ավելի հեշտ է, քան ադրբեջանցիների վրա»,-հավելեց նա:

Այս համատեքստում, հաշվի առնելով այն պաշտոնական ինֆորմացիան, ըստ որի՝ «շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցիներ կան, որոնք շուտով կկորցնեն կենսունակությունը ու կհեռանան», Մանվել յանը նկատեց. «Ընդհանրապես, պետք չէ այս իշխանության և ոչ մի ասածի հավատալ: Արդեն քանի օր է անցել ռազմական գործողությունների դադարից, մենք մինչև հիմա զոհվածների անունները չգիտենք, չգիտենք նաև, թե որտեղ ինչքանով են առաջ շարժվել, որ բնակավայրերին է մոտեցել թշնամին, այդ բնակավայրերում ինչպիսի վիճակ է: Այսինքն, ամեն ինչ գաղտնի են պահում, հետևաբար, այս պայմաններում պետք է կասկածանքով մոտենալ նաև նրանց այն հայտարարությանը, թե ինչ-որ տեղ թուրքերը շրջափակման մեջ են: Բայց, ամեն դեպքում, իրենք ուժը կիրառում են այնտեղ, որտեղ իրենց իշխանությունը պահել է պետք: Իրենք վտանգը ոչ թե թուրքի, ադրբեջանցու մեջ են տեսնում, այլ, օրինակ՝ զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողների մեջ, որոնք, իրենց կարծիքով, սպառնալիք են իրենց իշխանության համար»:

Արմեն Մանվելյանի կարծիքով, 2020 թվականից հետո Հայաստանն իր ինքնիշխանությունը կորցրած պետական միավոր է: «Դե յուրե կա, բայց դե ֆակտո պետությունը, որպես տարածաշրջանային խաղացող, գոյություն չունի: Մենք օրակարգ չենք թելադրում, մեզ են թելադրում: Անգամ մեր անվտանգության հետ կապված խնդիրները քննարկվում են այլ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ՝ առանց Հայաստանի: Մի բան, որը բառացիորեն 4 կամ 10 տարի առաջ հնարավոր չէր: Հիմա, սակայն, հնարավոր է, ինչը նշանակում է, որ այսօրվա իշխանությունների «շնորհիվ» պետությունը կորցրել է իր ինքնավարությունը, ինքնիշխանությունը: Եվ ինքնիշխանության կորստի պայմաններում, երբ սրան կամ նրան են սիրաշահում, մե՛կ Արևմուտք, մե՛կ Ռուսաստան են թեքվում, հիմքում բացարձակապես Հայաստանի անվտանգությունը չէ: Դա իրենց իշխանության կյանքը մեկ օր, երկու ամիս կամ մեկ տարի ևս երկարացնելու տրամաբանության մեջ է: ՀՀ շահերը վաղուց արդեն մի կողմ են դրված, այդ տրամաբանության հիմքում բացառապես ՔՊ-ի ու նրա քաղաքական կլանի շահերն են, իրենք միայն դրան են հետամուտ»:

Անդրադառնալով իրական մարտահրավերներին ու վտանգներին՝ Արմեն Մանվելյանը հավելեց. «Ունենք մի իշխանություն, որի ամեն օրվա իշխանության մնալն ինքնին վտանգ է: Նույնիսկ, եթե Աստված տա, սահմանին հարձակում չլինի, ինչ-որ տեղ էլի մի բան կպայթի, մի բան կլինի, ու մենք էլի զոհեր կունենանք: Այս մարդիկ դագաղներով եկել են իշխանության ու այդպես էլ պահում են երկիրը: Այս մարդիկ տեղով դժբախտություն են բերում: Բացի դժբախտությունից, ավերից ու մահերից, իրենք ոչ մի բան չեն կարող անել: Իրենք ավերում են նաև, մեծ հաշվով, պետությունը, արտաքին քաղաքական կուրսը: Երկիրը ծաղրի առարկա են դարձրել, որի նախագահը գնում ու Անգլիայի թագուհու դագաղի հետ նկարվում է: Այս մակարդակում ենք: Իմաստ չունի լուրջ ձևով վերլուծել ու հասկանալ նրանց ու իրենց քայլերը, որովհետև Հայաստանը այս պայմաններում դարձել է մի պետական միավոր, որը կախվածության մեջ է Բաքվից ու Անկարայից, ինչը ցավոտ փաստ է»:

Տեսանյութեր

Լրահոս