
«Կրակոցներ համայնքի ուղղությամբ շատ են եղել, բայց կոնկրետ սնարյադները վնաս են հասցրել Քարաշենին ու Վաղատուրին». Տեղ համայնքի ղեկավար

Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի փոխանցմամբ՝ թշնամու հրահրած պատերազմի հետևանքով համայնքում ամենաշատը տուժել է երկու գյուղ՝ Քարաշենն ու Վաղատուրը։
«Պատճառված վնասների վերաբերյալ տվյալներն ուղարկել ենք մարզպետարան։ Փառք Աստծո, բնակչության շրջանում վիրավորներ և զոհեր չունենք, կոնկրետ մեր համայնքում չունենք։
Կրակոցներ համայնքի ուղղությամբ շատ են եղել, բայց կոնկրետ սնարյադները վնաս են հասցրել Քարաշենին ու Վաղատուրին՝ առաջինում մեկն է ընկել, իսկ Վաղատուրում՝ 13 -ը։ Ամբողջությամբ վնասվել է Քարաշենի հանդիսությունների սրահը, որը պիտանի չէ օգտագործման, վնասվել է նաև վարչական շենքը։ Վաղատուրում հիմնականում տանիքներն ու պատուհաններն են վնասվել։ Վնասվել էր գազատարն ու էլեկտրասյուները, բայց դա անմիջապես վերանորոգել ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Ղուլունցը։
Ըստ նրա, բնակչության շրջանում խուճապ չկա, բոլորն էլ մարտական ու համախմբված սպասում են։
«Բնակիչները պատարստակամ են իրենց հողն ու ջուրը, իրենց գերեզմանոցները պահելու, խուճապ չկա»,- եզրափակեց Դավիթ Ղուլունցը։
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարն այսօր էլ հայտնել էր, որ ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունում մասնավորապես նշված է․ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում՝ Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ:
Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա»: