Որոշումը ՀՀ-ն է կայացնում, սակայն ԱՄՆ-ն ցանկանում է իր գործուն աջակցություն ցուցաբերել Հայաստանին․ Նենսի Փելոսին՝ ՀԱՊԿ և ՌԴ մասին
«Հայաստանի ժողովրդավարությունը, Հայաստանի ինքնիշխանությունն ու ՀՀ տարածքային ամբողջականությունն ԱՄՆ-ի համար կարևոր հարցեր են»,-այս մասին քիչ առաջ ՀՀ ԱԺ-ում ասաց ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։
Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ն նպատակ ունի կամ ակնկալում է, որ ՀՀ-ն դուրս պետք է ՀԱՊԿ-ից ու Ռուսաստանի Դաշնության ազդեցության գոտուց, ի՞նչ է դրա դիմաց ԱՄՆ-ն առաջարկում Հայաստանին և արդյո՞քպատրաստ է երաշխավորել ՀՀ սուվերեն տարածքի , սահմանների անվտանգությունը, ինչպես նաև ՀՀ-ի և Արցախի ժողովուրդների անվտանգությունը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակն արձագանքեց՝ ասելով, որ Հայաստանի ժողովրդավարությունը մի բան է, որն ուրախությամբ են ընդունում ժողովրդավար աշխարհում և անչափ կարևորում են այն։
Նա նշեց, որ ԱՄՆ-ն որևէ ասելիք չունի այդ կառույցների (Ռուսաստան, ՀԱՊԿ,-հեղ.) հետ ՀՀ շփումների վերաբերյալ, սակայն Հայաստանի ժողովրդավարությունը, Հայաստանի ինքնիշխանությունն ու ՀՀ տարածքային ամբողջականությունն ԱՄՆ-ի համար կարևոր հարցեր են, և ԱՄՆ-ն ցանկանում է այդ ուղղությամբ իր գործուն աջակցությունն ունենալ։
«Որոշումն, անշուշտ, Հայաստանն է կայացնում։ Մենք այստեղ մեր պատրաստակամության մասին կարող ենք խոսել։ Ջեքի Սփիրը նշեց, որ դատապարտող նախագիծ է ներկայացվում, որի համահեղինակն Ադամ Շիֆն է: Ադամ Շիֆը նաև Ցեղասպանության բանաձևի համահեղինակներից մեկն է։ Հայաստանի հանդեպ մենք մեր հանձնառությունը պահպանում ենք և հավատարիմ ենք այդ հանձնառությանը»,-ասաց ամերիկացի կին պաշտոնյան։
ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնն իր հերթին ասաց, որ այս հարցին կպատասխանիիր անունից։
«Մենք հասկանում ենք, որ Հայաստանն անվտանգային այդ կազմակերպության մաս է Ռուսաստանի հետ, մենք դրա հետ կապված որևէ բան չենք ասում, սակայն այն, ինչ մենք ասում ենք, դա այն է, որ Հայաստանի անվտանգության հետ կապված մենք մտահոգված ենք և ցանկանում ենք հնարավորինս ավելի աջակից լինել Հայաստանին այդ հարցում»,-ասաց Փալոնը։