«Արենիի և սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել». Արենիի համայնքապետ

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվելու ժամանակ, թիրախավորել է ոչ միայն սահմանին տեղակայված դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։ Վայոց ձորի մարզում թշնամին Ջերմուկ քաղաքի ուղղությամբ կիրառել է գրադ համակարգ, վնասել մի քանի շենք-շինություններ, բարեբախտաբար, Ջերմուկում քաղաքացիական անձանց շրջանում զոհեր ու վիրավորներ չեն եղել։

Նույնը թշնամին արել է նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։ Սյունիքի Նորավան գյուղում թիրախավորելով շտապօգնության մեքենան, թշնամին կրակել է մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է մեկ քաղաքացիական անձ, իսկ շտապօգնության մեքենայի վարորդը և մեկ անձ ևս տեղափոխվել են Երևան։

168.am-ի հետ զրույցում Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանն ասաց, որ, թեև Ջերմուկում թշնամու կրակոցի հետևանքով ավերածություններ կան, բայց այդ կրակոցներն Արենի չեն հասել։

«Ջերմուկը Արենիից 60 կիլոմետր հեռու է։ Այստեղ այդ կրակոցների ձայները չեն լսվել։ Այս օրերին մեր ուղղությամբ կրակոցներ չեն հնչել։ Սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ էլ կրակոցներ չեն եղել»,- նշեց Արենիի համայնքապետը։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում Խաչիկ գյուղի նախկին ղեկավար Վարդան Ներսիսյանը նույնպես փոխանցեց, որ սահմանամերձ Խաչիկ գյուղում իրավիճակը հանգիստ է, թշնամին այս ընթացքում գյուղի ուղղությամբ սադրանքների չի դիմել։

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Նիկոլ Փաշինյանն էլ սեպտեմբերի 16-ին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանի հարձակման հետևանքով այս պահին հայկական կողմն ունի 135 զոհ, և այս թիվը վերջնական չէ։

Տեսանյութեր

Լրահոս