«Ադրբեջանը պատերազմ է սկսել ամենադաժան պատերազմի օրենքներով և գենոցիդալ ենթատեքստով». Ռուբեն Մելքոնյան

Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 13-ին հարձակվել են Հայաստանի սուվերեն տարածքների վրա և սեպտեմբերի 16-ի դրությամբ գտնվում են Վայոց ձորի Ջերմուկ քաղաքի մատույցներից 4.5 կմ հեռավորության վրա։

Հայկական կողմը, Նիկոլ Փաշինյանի խոսքով, ունի 135 զոհ, թիվը վերջնական չէ, սակայն Փաշինյանը շարունակում է խոսել խաղաղության դարաշրջանի մասին և Կառավարության սեպտեմբերի 16-ի նիստում հայտարարել է՝ սեպտեմբերի 13-ից ի վեր կատարվածը չի նվաստացնում խաղաղության օրակարգի կարևորությունը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ստեղծված իրավիճակն ու խաղաղության օրակարգն իրար հետ համադրող ՀՀ իշխանությունների պահվածքը որակեց ոչ ադեկվատ՝ միաժամանակ նշելով, որ դա օրինաչափ է, որովհետև գտնվելով աշխարհաքաղաքական բարդագույն իրավիճակում՝ Հայաստանի ժողովրդի մի մասն ընտրեց այնպիսի իշխանություն, որը չուներ և չունի ունակություն՝ ոչ միայն դիվանագիտությամբ պատերազմական գործողությունները կանխելու, այլ նաև պատերազմ վարելու։ Ուստի, ըստ նրա՝ պատահական չէ, որ թուրք-ադրբեջանական տանդեմը 30 տարի շարունակ ցանկանում էր տիրանալ հայկական տարածքներին, բայց դրան հասավ միայն Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում։

«Ադրբեջանը պատերազմ է սկսել մեր դեմ՝ առանց պատերազմ հայտարարելու՝ ամենադաժան պատերազմի օրենքներով և գենոցիդալ ենթատեքստով։

Կարդացեք նաև

Մենք տեսնում ենք, որ ոչ միայն ռազմական թիրախներն է Ադրբեջանն օկուպացնում, այլ նաև քաղաքացիական ենթակառուցվածքները. կոտորվում է ոչ միայն մեր զորքը, այլ նաև խաղաղ բնակչությունը։ Ակնհայտ է, որ չեն գործում ռազմական օրենքները, և դա կոպտորեն խախտում է մի երկիր, որի ղեկավարին Նիկոլ Փաշինյանն անվանում էր կիրթ և կառուցողական»,- ասաց Մելքոնյանը։

Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի կողմից իրականացվող այս դաժանությանը զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղության օրակարգին հավատարմությունը զերծ է տրամաբանությունից։

«Ցեղասպանություն են իրականացնում, իսկ դու հենց այդ պահին խոսում ես խաղաղության մասին. սա հասկանալ ուղղակի չի լինի, ավելին՝ քաղաքագիտական որևէ տրամաբանություն դեռ չի բախվել այսպիսի իրողության,- նկատեց թուրքագետը՝ ադրբեջանցիների հետ համակեցությամբ ապրելու կոչերով հանդես եկող ՔՊ-ականներին հարց ուղղելով,– Չե՞ք տեսել այդ կադրերը, թե ինչպե՞ս են մեզ գնդակահարում, ցուցադրական սպանություններ անում։ Գիտե՛ք, մահն այս իշխանության ժամանակ դարձել է ամենասովորական բանը։ Նրանց պաշտոնավարման 4.5 տարում տեսնում ենք նույն մղձավանջը՝ ավելացող զոհեր և կորուստներ, ինչին զուգահեռ, սակայն, իրենք՝ իշխանությունները, ավելի ագրեսիվ են դառնում ու հարձակվում ընդդիմախոսների վրա, ինչպես երեկ արեցին Ազգային ժողովում։ Դա տեսնելուց հետո պետք է նրանց կոչ անեմ՝ ՔՊ-ականներ, ծնկաչոք գնացե՛ք Շմայսի մոտ և քաղաքակրթության դասեր սովորեք»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս