«Մինչև Հայաստանում ու Արցախում չիմանան Փաշինյանի բանավոր ընկալումների ողջ շրջանակը՝ չեն իմանա ամբողջ տեղեկատվությունը». Արթուր Մոսիյան

Արցախի Հանրապետության ԱԺ պատվիրակությունը ՀՀ խորհրդարանում այսօր հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Նման հանդիպումներ անցկացնելու անհրաժեշտությունն առաջացել էր սեպտեմբերի 14-ին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունից հետո, երբ նա, իր իսկ բնորոշմամբ, շատ հստակ ասաց, որ այն որոշումը, որը  կերաշխավորի ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը, ստորագրելու է։

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն ասաց, որ Փաշինյանի այդ հայտարարությունն այնպես են ընկալել, որ դրանով Արցախը ճանաչելու է Ադրբեջանի մաս, ուստի այդ հայտարարությունից անմիջապես հետո ժողովրդական ընդվզման մեծ ալիք է բարձրացել թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։

«Մեր այստեղ գալու պատճառը հենց այդ էր, ցանկանում էինք իմանալ, թե այդ ինչ է  ստորագրելու Նիկոլ Փաշինյանը, որի պատճառով իրեն դավաճան կարող են ասել։ Արցախցիները լավ գիտեն, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ծածուկ ստորագրվեց՝ ժողովրդի թիկունքում, նաև Հայաստանի ու Արցախի։ Այդ դառը փորձն ունեն, և Նիկոլ Փաշինյանի ամեն մի հայտարարություն՝ նշաձողն իջեցնելու կամ տարբեր այլ արտահայտություններ, մշտապես նման խնդիրներ է առաջացնում։ Երբ պատերազմից հետո պարտված իշխանությունը չհեռացավ, և երբ կեղծ խաղաղության օրակարգը բերվեց քաղաքական դաշտ, արդեն պարզ էր, որ մենք ամեն ժամ նոր զիջումներ ենք ունենալու»,- նշեց Արթուր Մոսիյանը։

Արցախցի պատգամավորի խոսքով՝ այսօր հանդիպել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, սակայն նախկինում ունեցած իրենց մտավախությունները չեն փարատվել։

Կարդացեք նաև

«Այո, մենք հանդիպել ենք Հայաստանի ԱԺ նախագահի, արտգործնախարարի և խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ, բարձրացրել ենք ժողովրդի մոտ առկա մտահոգությունները, մեզ մարդիկ ասում են՝ Փաշինյանն այդպես չի ասել, սխալ եք հասկացել, հետո հերքել է։ Ես մեկ հարց եմ տվել՝ ինչպե՞ս է ստացվում, որ Փաշինյանի հայտարարությունը միայն ՔՊ-ն է ճիշտ հասկացել,  հազարավոր մարդիկ սխա՞լ են հասկացել։ Եթե այս հարցի պատասխանն իրենք տան, ուրեմն՝ կա՛մ խոսել չգիտեն, կա՛մ մարդը չի կարողանում ասել այն, ինչ ուզում է, սա արդեն երկրորդ խնդիրն է։ Ինչո՞ւ Արցախը չկար, 29.800 քառակուսի կմ Հայաստանի տարածքն է, բնականաբար, Արցախը չկա, ու պարտադիր չէ՝ Արցախ ասի»,- հավելեց Արթուր Մոսիյանը։

Նա միաժամանակ հիշեցրեց, որ այս պահին վտանգված են նաև ՀՀ պետական սահմանները, հետևաբար՝ Արցախն ու Հայստանը երբեք չի առանձնացնի ու մշտապես ասել է, որ երկու հայկական հանրապետությունները միասնական պաշտպանական տարածք են։

«Տարբերություն չկա, թե մենք որտեղ ենք կորուստ ունենում՝ Ջերմուկում, Մարտունիում, թե Մարտակերտում, դա մեր հայրենիքի մի մասն է, ցավոք, ոչ բոլորն են դա ընկալում, և այդ հայտարարությունը նաև դրա արդյունքն է։ Այդ կեղծ խոսակցութունները, կեղծ խաղաղության օրակարգը, թե՝ Արցախից ազատվենք, որ ամեն ինչ լավ լինի, գալիս են ապացուցելու այս իշխանության վարվող քաղաքականության սնանկությունը։

Մեզ իրենք ասացին, որ Արցախի ճակատագիրը պետք է որոշի արցախցին, իրենք դրա իրավունքը չունեն։

Գորիս-Կապան ճանապարհը ձեզ օրինակ, որևէ փաստաթղթում բան չկար գրած, բայց պարզվում է, որ այստեղ կային բանավոր ընկալումներ։ Մինչև Հայաստանում ու Արցախում չիմանան Փաշինյանի բանավոր ընկալումների ողջ շրջանակը՝ չենք իմանա ամբողջ տեղեկատվությունը»,- եզրափակեց Արթուր Մոսիյանը։

Տեսանյութեր

Լրահոս