Գնդակը ՀՀ իշխանություների դաշտում է՝ կբարձրացնի՞ Բաքվում պահվող պատանդների հարցը COP-29-ին ընդառաջ

Օրերս Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն բաց նամակ էր հղել հայերին, որտեղ անդրադարձել էր COP-29-ին՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի 29-րդ համաժողովին և համայն հայության անելիքներին։ Նա հայությանը կոչ էր արել մինչև նոյեմբեր նախաձեռնել մեդիարշավ, որպեսզի Ադրբեջանը համաժողովին որևէ պահանջ չներկայացնի Հայաստանին, իսկ հայկական կողմին հաջովի գերությունից ազատել Բաքվում բռնի պահվող հայերին, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Երեկ էլ «Արմենպրեսին» տված հարցազրույցում Օկամպոն մանրամասնել է իր առաջարկները՝ շեշտելով, որ չպետք է թույլ տրվի, որպեսզի COP-29-ը Բաքվում տեղի ունենա հայ պատանդների առկայության պայմաններում՝ ընդգծելով, որ մինչև նոյեմբեր հայ ազգը պետք է համախմբվի ու մեդիաարշավ սկսի։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ COP -29-ն անցնի Բաքվի բանտերում գտնվող 23 հայ գերիների առկայության պայմաններում։ Մենք պետք է հայ գերիների խնդիրը կենտրոնական հարց դարձնենք։ Ակնհայտ է, որ բռնապետական Ադրբեջանում չկա անկախ դատական համակարգ, ուստի դժվար է հավատալ, որ որևէ դատավոր հայ գերիների հետ կապված՝ կարող է արդար վճիռ կայացնել և ազատ արձակել նրանց»,- ասել է Լուիս Մորենո Օկամպոն։

168.am հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն ասաց, որ այսօր ամբողջ հայ ազգը՝ Հայաստանը, արցախահայերը և սփյուռքահայերը, անելիք ունեն՝ Բաքվում պահվող հայ պատանդներին ազատ արձակելու և Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։

Կարդացեք նաև

«Չպետք է մոռանանք, որ այստեղ գնդակը ՀՀ իշխանությունների դաշտում է։ Այս հարցն իրենք պետք է լուծեն, եթե, իհարկե, իրենց մոտ այդ հարցը լուծելու ցանկություն առաջանա։

Բայց սփյուռքը, Հայստանը և արցախյան կողմն էլ իրենց հերթին պետք է քայլեր ձեռնարկեն»,- նշեց Արթուր Մոսիյանը։

Նրա կարծիքով՝ այս ուղղությամբ այսօր սփյուռքը քայլեր ձեռնարկում է, իսկ մանրամասները ժամանակի ընթացքում հանրությունը կտեսնի։

«Ցավոք, Արցախի ԱԺ-ն իր ձեռքին լծակներ ու մեխանիզմներ չունի այս հարցն ավելի առաջ տանելու համար, սակայն հնարավոր ամեն ինչ փորձում են անել։ Կրկնում եմ՝ գնդակը ՀՀ իշխանություների դաշտում է, այս հարցը միայն իրենք կարող են լուծել, բայց ես այս պահին պարզապես չեմ տեսնում, որ Հայաստանի իշխանությունը որևէ հարցում կարող է ընդդիմալ Ադրբեջանին»,- եզրափակեց Արթուր Մոսիյանը։

Տեսանյութեր

Լրահոս