«Կա՛մ Ռուսաստանը վերջ կտա լռությանը, կա՛մ Բաքուն և Երևանը կգնան դեպի Արևմուտք». Մարկեդոնով
«ՌԴ-ն ինչ-որ բան արդեն կորցրել է, կոպիտ ասած, բայց գործընթացը դեռ անշրջելի չի դարձել, այն կարելի է (և պետք է) շրջել»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և ՌԴ «լռությանը»:
«Այն համոզմունքը, որ «Հյուսիս-Հարավ» կամ հիպոթետիկ «միջանցքները» (և ընդհանրապես տնտեսակենտրոն մոտեցումները) կշրջեն իրավիճակը, նույնպես առնվազն հարցեր են առաջացնում: Սա Կովկասն է, պարոնայք։ Այստեղ և՛ տնտեսությունը, և՛ սոցիալական ոլորտը, և անվտանգությունը կարևոր են: Եզրակացություն՝ հարկավոր է որքան հնարավոր է՝ շուտ ավարտել «լռությունը» և տիրանալ նախաձեռնությանը կովկասյան ուղղությամբ»,- գրել է նա։ Ըստ նրա, միջոցառումները կարող են տարբեր լինել՝ ոչ միայն զուտ ռազմական, այլև դիվանագիտական։ Բայց դրանք, նրա կարծիքով, պետք է լույսի արագությամբ առաջ մղվեն մեդիատարածքում: Հակառակ դեպքում, Սորոս պապից պետք չէ նեղանալ, որ նա և իր «հարազատները» նորից կտրուկ շրջադարձով շրջանցեցին մեզ, և աշխարհը հաստատվեց առանց մեր մասնակցության։ Իսկապես, յուրաքանչյուր րոպեն թանկ է»,- նկատել է նա:
Մարկեդոնովը նշել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում առանցքային խաղացողի կարգավիճակը կորցնելու դեպքում Ռուսաստանը կկորցնի իր ազդեցությունը Կովկասում։
«Ես երբեք Մոսկվայի միանշանակ դիրքորոշման կոչ չեմ արել, և այսօր էլ չեմ պատրաստվում դա անել։ Բայց կան իրավիճակներ, երբ լռությունն ամենևին էլ «ոսկի» չէ։ Բաքվի և Երևանի հարաբերություններում առանձնահատուկ դերի կորուստը երկու մայրաքաղաքներն էլ կտանի դեպի Արևմուտք, իսկ էներգետիկ առումով Ադրբեջանը, սկզբունքորեն, արդեն այնտեղ է։
Սրան գումարելով Թուրքիայի գործոնը (ՆԱՏՕ-ին անդամակցությամբ նրա «դաշինքն» ու Կիևի ռազմական աջակցությունը), մենք ստանում ենք ևս մեկ փաստարկ՝ հօգուտ իմ թեզի. Վրաստանը, չնայած հակառուսական պատժամիջոցներին չմասնակցելուն, չի հրաժարվում եվրաատլանտյան վեկտորից (տես Գարիբաշվիլիի և Բորելի վերջին բանակցությունների արդյունքները)»,- նկատել է նա: