«Թուրքիայի և Ադրբեջանի նպատակը պայմանագիրն է, որով Հայաստանն Արցախը կճանաչի Ադրբեջանի մաս. ուզում են լուծել նաև «միջանցքի» հարցը». Ռուբեն Սաֆրաստյան

Այսօր խորհրդարանում իշխանական պատգամավոր Արման Եղոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանի նպատակներից մեկը «միջանցքն»  է։

168.am-ի հետ զրույցում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի, իսկ ավելի ճիշտ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հարձակումը Հայաստանի սահմանների վրա նպատակ ունի ճնշել Հայաստանին, որպեսզի Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս։

«Վաղուց արդեն ասել եմ, որ Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանի վրա գնալով ուժեղանում է, հիմա փաստորեն մենք տեսնում ենք, որ Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալիս՝ որպես միասնական ուժ, և Թուրքիայի ղեկավարների վերջին հայտարարությունները վկայում են այդ մասին։ Այսինքն՝ այստեղ մենք պետք է լավ հասկանանք, որ գործ ունենք ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի հետ։

Իհարկե, այս ագրեսիայի համար Ադրբեջանը Թուրքիայի հովանավորությամբ ընտրել է  աշխարհաքաղաքական մի այնպիսի ժամանակահատված, պահ, երբ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայի հետ պատերազմով, հավանաբար հենց սրան էլ սպասում էին»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Կարդացեք նաև

Ըստ թուրքագետի՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հարձակումը Հայաստանի վրա նպատակ ունի ստանալու ոչ միայն «միջանցք», այլև Արցախն ամբողջությամբ։

«Թուրքիայի և Ադրբեջանի նպատակը պայմանագիրն է, որով Հայաստանն Արցախը կճանաչի Ադրբեջանի մաս։ Ինչպես նաև ուզում է լուծել «միջանցքի» հարցը, ընդ որում, նրանք այս խնդիրը հետապնդում են 1918 թվականից։ Այն ժամանակ Բաթումի պայմանագրով Օսմանյան կայսրությունը հենց այդ միջանցքը ստացել էր և նույնիսկ ուզում էր նշանակել հատուկ հանձնակատար։ Այնպես որ, սա 100 տարվանից ավելի նախագիծ է, որն այժմ ցանկանում են ուժի միջոցով կիրառել»,- հավելեց թուրքագետը։

Նրա բնորոշմամբ, ստեղծված իրավիճակում առաջինը ով կարող է օգնել հային՝ հենց ինքն է՝ հայը, որպեսզի այդ վտանգները լավ հասկանալով՝ կարողանա դրանց դիմակայել։

«Եթե ինքներս մեզ չօգնենք, ապա որևէ մեկը չի օգնի։ Եթե տեսնենք՝ մեր ժողովուրդն ունի վճառականություն դիմակայելու այդ վտանգներին, վստահ եմ, կլինեն ուժեր, որոնք կօգտագործեն իրենց նպատակների համար, որոնք կհամընկնեն մեր շահերի հետ։ Ի վերջո, այս ամենը շատ երկրների շահերի դեմ է, այստեղ է, որ մենք պետք է կարողանանք մեր դաշնակիցների միջոցով հասնել հաջողության, պայքար է և՛ ռազմի դաշտում, և՛ դիվանագիտության դաշտում»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմն ունի 105 զոհ։

Տեսանյութեր

Լրահոս