«Տրամաբանության հարց է՝ «միջանցքը» նպատակներից մեկն է, ընդ որում, հայտարարված նպատակ». Արման Եղոյանը՝ ադրբեջանական հարձակման մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, թե պատերազմող բոլոր երկրներն էլ ուզում են խաղաղություն և հակառակորդին լռեցնելու համար կատարում են գործողություններ, որպեսզի հետո լինի խաղաղություն։

Հարցին՝ օրինակ, իշխանությունն ի՞նչ գործողություններ է  կատարում, Արման Եղոյանը զարմացած պատասխանեց. «Կոորդինատներով ասեմ, թե ինչ ենք անում, բա ինչո՞վ ասեմ՝ ինչ ենք անում, շատ վատ է, որ չեք տեսնում»։

Այնուհետև իշխանական խմբակցության պատգամավորն իրեն հարց ուղղած լրագրողին ասաց, թե Հայկական երկրորդ հեռուստաալիքից է, այդ պատճառով էլ իշխանության արածը չի տեսնում։

«Երբ ձեր քաղաքական ղեկավարությունը լիներ իշխանության, դուք միանշանակ կտեսնեիք»,- նշեց Արման Եղոյանը՝ մոռանալով, որ լրագրողը պաշտոնյաներին տարբեր հարցեր ուղղելու իրավունք ունի։

Կարդացեք նաև

Հաջորդ հարցին՝ աննպատակ չե՞ն համարում մնալ ՀԱՊԿ-ում, երբ այս պահին կառույցը որևէ օգնություն չի ցուցաբերում Հայաստանին, Արման Եղոյանը պատասխանեց, որ այս պահին նպատակահարմար չի գտնում այդ հարցին պատասխանել։

Խոսելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ Իրանի արձագանքի մասին, Արման Եղոյանն ասաց, որ այդ արձագանքը բավականին դրական է գնահատում, ապա լրացրեց հարցը.

«Ինչո՞ւ միայն Իրանի, նաև Հնդկաստանի։ Քիչ առաջ խոսում էի շահերից, այնպես չէ, որ մեր սիրուն աչքերի համար է, և այնպես էլ չէ, որ մյուսների լռությունը մեր տգեղ աչքերի համար է։ Ամեն պետություն արձագանքում է՝ ըստ իր շահերի»,- շեշտեց նա։

Ըստ պատգամավորի, օրեցօր տարածաշրջանում անվտանգային հարցերը բարդանում են, քանի որ այստեղ խաղացողների շահերն ավելի ու ավելի անհամատեղելի են դառնում։ Նկատի ունենալով աշխարհաքաղաքական  զարգացումները, ներկա  իրավիճակը անուղղակիորեն  կապեց նաև Ուկրաինայում պատերազմի հետ։

«Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում խոսել է նաև Ադրբեջանի պահանջներից, որ Հայաստանը չի կարող բավարարել, ներառյալ՝ «միջանցքի»  հարցը։ Վարչապետը նաև Նռնաձորի անունը տվեց, և սա միայն իրենց պահանջը չէ։

Դուք ինչո՞ւ հաշվի չեք առնում, թե որն էր Ադրբեջանի նպատակը սեպտեմբերի 13-ի գիշերը, իրենք հասե՞լ են իրենց նպատակին, թե՞ ոչ, դուք ինչո՞ւ ռազմական իրավիճակի վերլուծություն չեք անում։ Ամեն ռազմական գործողություն ունի պլան, չէ՞, սա տրամաբանության հարց է՝ «միջանցքը» նպատակներից մեկն է, ընդ որում, հայտարարված նպատակ»,- շեշտեց Արման Եղոյանը։

Տեսանյութեր

Լրահոս