ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքվում է՝ մեդիադաշտը կառավարելո՞ւ են
Հայրենի պաշտպանական գերատեսչությունը մեկ ժամ առաջ տեղեկացրել էր, որ 15:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է:
Պարզվում է, սակայն, այս պահին ԱԺ-ում պատգամավորներ կան, որոնց հետաքրքրում է, օրինակ, մեդիադաշտում առկա իրավիճակը:
Իշխանական ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ այսօր չեն կարողանում իրական հսկողության տակ բերել մեդիադաշտը:
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց.
«Եթե նկատի ունեք ապատեղեկատվությունը, այն միշտ պրոբլեմ է, և, ընդհանուր առմամբ, մեր պատկերացրած լուծումը լսարանի մեդիագրագիտության մակարդակի բարձրացումն է, որպեսզի մարդիկ կարողանան ճիշտ տեղեկությունը սխալ տեղեկատվությունից տարբերել: Եթե կոնկրետ ինչ-որ բան նկատի ունեք, պետք է նաև պարզաբանել՝ այդ որևէ կոնկրետ դեպքի հարաբերությունը օրինականության հետ, օրենսդրական կարգավորումների հետ:
Ես համոզված եմ, որ բոլոր այն դեպքերում, երբ օրենքի խախտման հետ գործ ունենք, մեր իրավապահ մարմիններն անպայման կարձագանքեն»:
Նա նաև հավելեց, որ մեդիադաշտը խառնաշփոթ երևույթ է հատկապես այսօրվա պայմաններում, երբ կան սոցիալական ցանցեր, և յուրաքանչյուր մարդ լրատվության աղբյուր է: