
Հայաստան ժամանած ուկրաինացիներին գործադիրը փոխհատուցում կտրամադրի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Հայաստանում ապաստան հայցող քաղաքացիների թիվն ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2022 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում արդեն Հայաստանում ապաստանի հայց են ներկայացրել 320 անձինք, որոնցից 213-ը Ուկրաինայի քաղաքացիներ են։
Մեզ հայտնի դարձավ, որ գործադիրը մտադիր է ժամանակավոր կացարանով ապահովելու խնդրի լուծման նպատակով փոխհատուցում տրամադրել նրանց 6 ամիս ժամկետով: Խոսքը 60 հազար դրամի մասին է, այսինքն՝ 6 ամիսների ընթացքում նրանք պետք է սովորեն լեզու, լուծեն իրենց զբաղվածության հետ կապված հարցերը, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո կացարանի խնդիրը պետք է ինքնուրույն լուծեն։
Ըստ պաշտոնական տվյալների՝ մեր հանրապետությունում ապաստան հայցող անձանց թիվը տարեկան միջինում կազմում է շուրջ 270 անձ։ Նշենք, որ սիրիական ճգնաժամի հետեւանքով 2012 թվականին ՀՀ-ում ապաստան հայցող անձանց թիվը հասել է 579-ի, իսկ 2013-ին՝ 320-ի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում