
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ հայ- ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անդրադարձել է հայկական ուղղությամբ Ադրբեջանի հարձակմանը՝ կողմերին կոչ անելով քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը թուլացնելու համար:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտերի վերսկսման մասին հաղորդագրություններով: Նա կողմերին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը թուլացնելու համար, առավելագույն զսպվածություն դրսևորել և չլուծված բոլոր հարցերը լուծել երկխոսության և գոյություն ունեցող ձևաչափերի շրջանակներում»,-ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ գլխավոր քարտուղարը նաև հորդորում է ամբողջությամբ իրականացնել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Գլխավոր քարտուղարը աջակցություն է հայտնում տարածաշրջանում բոլոր միջնորդական ջանքերին: