Վիրավորներ շատ կան. բերում են այստեղ, առաջին օգնությունը ցույց ենք տալիս, շտապօգնության մեքենաներով ուղարկում. Ծավ գյուղի վարչական ղեկավար

Ճակատեն-Ծավ հատվածում կրակոցները շուրջ կես ժամ է՝ դադարել են. Այս տեղեկությունը 168.amի հետ զրույցում փոխանցեց Կապան համայնքի Ծավ գյուղի վարչական ղեկավար Սեյրան Զաքարյանը:

Հիշեցնենք՝ Ճակատեն-Ծավ սահմանային հատվածում (Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ) իրավիճակն ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ժամեր շարունակ լարված էր։

«Գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել: Գյուղում խուճապ չկա, ոչ էլ տարհանում է,- ասաց Սեյրան Զաքարյան, ապա անդրադառնալով Ճակատեն-Ծավ հատվածում վիրավորների մասին տեղեկություններին՝ նշեց,- Վիրավորներ շատ կան. ինչքան բերում են, այստեղ առաջին օգնությունը ցույց ենք տալիս, վիրակապերը դնում,  շտապօգնության մեքենաներով ուղարկում կա՛մ Կապան, կա՛մ Մեղրի»:

Նա նաև հավելեց, որ թեև Կապան-Ճակատեն ճանապարհն աշխատում է, բայց որևէ երաշխիք չկա, որ ցանկացած պահի չեն կարող կրակել:

Կարդացեք նաև

Հիշեցնենք՝ 168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ  2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ից, ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից զինված ուժերի կիրառմամբ ՀՀ  ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիա է իրականացվել:

Հարձակման օբյեկտ են դարձել (հրետակոծվել են) Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա թիրախավորվել և խոցվել է շտապ օգնության տարբերանշանը կրող ավտոմեքենան։

Տեսանյութեր

Լրահոս