«Ձեր գործընկերներին վերջապես դահլիճ կանչեք. հիմա դրա պահը չէ». Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանին
«Ամբողջ գիշեր մենք աշխատել ենք, և հայտարարության տեքստը, եթե անհրաժեշտ էր, որ այսօր առավոտյան միանգամից ընդունեինք, ապա մենք նաև տեղյակ կլինեինք և դրա վրա կաշխատեինք: Հայտարարության տեքստի հետ մենք նաև կարող ենք ունենալ որոշակի նկատառումներ, որոնք այս իրավիճակին են վերաբերում՝ այն բոլոր գործընթացներին, որոնք բերել են սրան, ժամանակի բացթողնմանը և Ադրբեջանի կողմից այս սադրանքի նախապատրաստմանը: Այդ առումով հայտարարության տեքստերը բազմաթիվ են եղել, այստեղ մրցակցության մեջ չենք մտնում»,- ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ իրենք էլ են հայտարարություններ պատրաստել, որոնց դեպքում իշխանության ներկայացուցիչները ներկա չեն գտնվել և որևէ բան չեն ասել:
«Օրինակ, Շուշիի հռչակագրին, որ այն ժամանակ գնահատական տայինք, երևի թե լուրջ կերպով նախապատրաստված կլինեինք: Դրա համար հայտարարությանը պետք է ծանոթանալ, կողմ լինել կամ չլինել: Հայտարարությունն անհրաժեշտ է քննարկել: Մեր առաջարկությունը հետևյալն է, որպեսզի ժամանակ լինի՝ ոչ թե 10-15 րոպեում քննարկենք, արագ ընդունենք, այլ լայն քննարկում իրականացվի, որից հետո հայտարարություն ընդունվի»,- նշեց Սեյրան Օհանյանը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց, թե հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ 20 րոպե ընդմիջում կհայտարարի, որի ընթացքում կքննարկեն հայտարարությունը:
«Ցավոք, օրենքը նախատեսում է, որ միայն ԱԺ նախագահի կողմից կարող է հայտարարության տեքստ ստեղծված իրավիճակում ներկայացվել: Ուստի տեքստը Ձեզ կներկայացնենք, քննարկեք, տեսեք՝ ինչ առաջարկներ կլինեն, հետագայում դահլիճում քննարկում կանենք, հետո ժամանակը կհերիքի, որպեսզի վարչապետը ներկայանա, հարց ու պատասխան լինի: Ես ևս մեկ անգամ հորդորում եմ՝ Ձեր գործընկերներին վերջապես դահլիճ կանչեք, որովհետև այս իրավիճակում քաղաքական ուղղվածության ոչ ժամանակն է, ոչ պահը, որ դրանով զբաղվենք»,- ասաց Ալեն Սիմոնյանը: