Այդ դուք չէի՞ք խնդրում, որ քաղաքականությանը խառնվեինք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին

Մեր ազգին հաշտություն է պետք. հաշտություն, որն արյան գին ունի. դա մեզ պետք է, որովհետև զղջման ու մեղքի գիտակցման բարձրագույն աստիճանն է։ Կրկնում եմ՝ մեզ հաշտություն է պետք, և ոչ թե՝ ինքնաարդարացում և այլոց մեղադրել և վարագույրի հետևում թաքնվել։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ ընդգծելով՝ հաշտության անհրաժեշտությունը հիմնավորեց, որ այսօր հասել ենք մի իրավիճակի, երբ մի կողմում ազգն է պառակտված, մյուս կողմում՝ մեր պետականությունը գոյաբանական մեծագույն վտանգի մեջ է։

«Նման դեպքերում ուրիշներին մեղադրելով, թաքնվելով և ամենաարդարը ձևանալով՝ հաշտության չենք հասնի երբեք։ Հաշտություն ասելով, սակայն, պետք է հիշենք, որ դա չի ենթադրում, որ պետք է ոչ ասել արդարադատությանը. հաշտությունն առաջին հերթին արդարադատություն է ենթադրում. սա չափազանց մեծ կարևորություն ունեցող հանգամանք է»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ ընդգծելով՝ աղետի մեջ հայտնված մեր երկրում ցավալիորեն որևէ համակարգ ըստ նպատակի չի գործում և, առհասարակ, մեր երկիրը նպատակ չունի՝ ապրում ենք անորոշության մեջ։

«Մենք չգիտենք, թե ինչպիսի՞ երկիր ենք ուզում ունենալ, մինչդեռ այդ նպատակը պետք է սահմանեն հենց իշխանությունները, որոնք, չգիտես ինչու, ասում են, թե գնում են ամեն գնով խաղաղության։

Նրանք պետք է իմանան, որ ամեն գնով խաղաղություն չի լինում։ Պատերազմը սարսափելի է, նվաստացած խաղաղությունը՝ էլ ավելի։ Այդ ինչի՞ հաշվին են խաղաղության հասնելու, չէ՞ որ, եթե չկա հաղթանակ, չկա նաև խաղաղություն»,- ասաց Բագրատ սրբազանը, ապա հարց ուղղեց այսօր ամեն գնով, անճարությունից ելնելով և վախի մթնոլորտ տարածելով խաղաղություն խնդրողներին.

Կարդացեք նաև

«Երկու տարի առաջ առյուծ էիք կտրում, այդ ի՞նչ պատահեց հիմա, եթե եկել ու ասում եք՝ թույլ ենք, տկար, եթե այդպես է, ուրեմն պետք է հեռանաք ասպարեզից, եթե, իհարկե, գերագույն շահը պետությունն ու հավիտենական Հայաստանն են, իսկ եթե այդ ընկալումը չկա, արդեն մենք պետք է պայքարենք՝ հեռացնելու համար։

Ի դեպ, սա բարոյականության հարց է, ոչ թե քաղաքականության, ինչպես շատերն ասում են և պնդում, թե ես քաղաքականացված եմ։ Այդպես ասողներին ուզում եմ հիշեցնել՝ այդ դուք՝ ներկա իշխանություն, նախկինում ընդդիադիրներ, դուք չէի՞ք, որ ժամանակին խնդրում էիք, որ քաղաքականության խառնվեի, բայց մի՞թե հիմա խառնվում եմ. այդ ի՞նչ քաղաքական բառարան եք ստեղծել, ըստ որի, եթե ասում ենք՝ Արցախ կամ Հայաստան, ասում եք՝ քաղաքականություն է, ո՞վ է որոշել՝ եթե չենք ուզում, որ մեր ժողովուրդը նվաստացած ապրի, դա քաղաքականության խառնվել է»,- ասաց Բագրատ սրբազանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս