Ֆրանկֆուրտում Ուրարտուն իբրև Ադրբեջան ներկայացնելու հարցը պարզվել է. այդ երկրի անունը հանվել է ցուցափեղկից
Օգոստոսի 28-ին գերմանահայության շրջանում տեղեկություն էր տարածվել, որ Ֆրանկֆուրտի ցուցահանդեսներից մեկում Ուրարտուն ներկայացվել է իբրև Ադրբեջան:
Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչության նորընտիր ատենապետ Ջոնաթան Շփանգենբերգից ավելի վաղ 168.am-ը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք հայտնի է, թե երբվանից է սկսվել այս կեղծ ցուցադրությունը: Մեր հարցին ի պատասխան՝ նա փոխանցել էր, որ այժմ ուսումնասիրում են՝ պարզելու, թե ո՞վ է կազմակերպել, ու, եթե հաստատվի, որ Ադրբեջանն է, կտրուկ քայլերի են դիմելու:
Ջոնաթան Շփանգենբերգն այսօր փոխանցեց, որ սեպտեմբերի 9-ին թանգարանից ստացել են իրենց նամակի պատասխանը, որտեղ նշված է, որ ցավում են, քանի որ ցուցադրություններից մեկի ցուցափեղկի գրությունը զայրույթ է առաջացրել: Փորձել են բացատրել, որ Ուրարտու կայսրությունը տարածվում էր մի քանի պետական տարածքների վրա, իսկ իրենց մոտ ցուցադրվածը ներկայիս Իրանի ադրբեջանաբնակ՝ Ուրմիա լճի շրջակայքին է վերաբերում: Իսկ ցուցափեղկի գրառումը, այո, կարող էր թյուրիմացության պատճառ լինել:
Թանգարանից հայտնել են նաև, որ ցուցափեղկից հեռացրել են «Ադրբեջան» անունը, և հավելել են, որ տեքստերը ևս մեկ անգամ կվերանայեն:
«Սխալը կսրբագրեն: Նշեմ, որ այս ցուցադրությունը մշտական է, կա 1980-ական թվականներից, Ադրբեջանն այս դեպքում կապ չուներ, և այդ երկրի անունը որպես նահանգ է եղել ներկայացված»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց Ջոնաթան Շփանգենբերգը: