Ֆրանկֆուրտում Ուրարտուն իբրև Ադրբեջան ներկայացնողներին պարզելու նպատակով աշխատանք է տարվում, մասնագիտորեն ժխտվելու է կեղծ քարոզչությունը. Ջոնաթան Շփանգենբերգ

Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Շուշի Թումանեանը լուսանկար էր հրապարակել ֆրանկֆուրտյան մի ցուցահանդեսից, որտեղ գրված էր՝ Ուրարտուն, իբր, Ադրբեջան է: Լուսանկարն աղմուկ է բարձրացրել գերմանահայության շրջանում:

Բանասեր, լեզվաբան Կարինե Հայրապետյանն ասել է, որ ակնկալում է փորձառու պատմաբանների, իրավաբանների աջակցությունը, որպեսզի փաստարկված բողոքարկեն ու վերականգնեն պատմական արդարությունը:

Մեկ այլ օգտատիրոջ՝ Ռոբերտին էլ հետաքրքրում է, թե այս անգամ Հայաստանի թշնամի Ադրբեջանի որքա՞ն կաշառքի դիմաց է աղավաղվել պատմությունը:

Կարդացեք նաև

«Ոչ մի ազնիվ պատմաբան չի՞ հարցնում կազմակերպիչներին, թե որքան կաշառք են ստացել Ուրարտուն ադրբեջանական հայտարարելու համար։ Ինչ ուզեն, այն էլ անում են կաշառքով, իսկ քաղաքակիրթ աշխարհը խուլ ու համր է ձևանում»,- գրել է նա:

Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչության նորընտիր ատենապետ Ջոնաթան Շփանգենբերգից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հայտնի է, թե երբվանից է սկսվել այս կեղծ ցուցադրությունը: Մեր հարցին ի պատասխան՝ նա փոխանցեց, որ այժմ ուսումնասիրում են՝ պարզելու, թե ո՞վ է կազմակերպել, ու, եթե հաստատվի, որ Ադրբեջանն է, կտրուկ քայլերի են դիմելու:

«Մեզ հետ արդեն կապ են հաստատել գերմանացի և հայազգի պատմաբաններ, ու մասնագիտորեն ժխտվելու է այս կեղծ քարոզչությունը: Նշեմ, որ, ցավոք, այստեղ շատ ակտիվ է թուրքական, ադրբեջանական լոբբին: Նրանք ֆինանսական միջոցներ են ծախսում հակահայկական քարոզչության վրա, տարբեր ամբիոններում հանդես են գալիս»,- մանրամասնեց Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչության նորընտիր ատենապետը:

Տեսանյութեր

Լրահոս