«Էրդողան-Փաշինյան ուղիղ բանակցությունները չեն բացառվում, այն երկու կողմերին էլ ձեռնտու է՝ առանց միջնորդների». Նուբար Չալըմյան

Վերջին շրջանում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման բանակցությունների համար երկուստեք նշանակված հատուկ ներկայացուցիչները, հանդիպումներից զատ, պահպանելով քաղաքավարության կանոնները՝ միմյանց  կամ շնորհավորում են այս կա՛մ այն տոնի կապակցությամբ, կա՛մ ցավակցում՝ որևէ վթարի կամ պայթյունի դեպքում։

Հուլիսին էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Ռեջեփ Թայիբ Էրդողանը և Նիկոլ Փաշինյանը հեռավար զրույց էին ունեցել, Թուրքիայի նախագահը շնորհավորել էր Նիկոլ Փաշինյանին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ, իսկ Նիկոլ Փաշինյանը Էրդողանին՝ Կուրբան Բայրամի առթիվ: Երկու երկրների պաշտոնական հաղորդագրություններում ոչինչ չկար, թե ում նախաձեռնությամբ է եղել հեռավար զրույցը:

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Նուբար Չալըմյանը պատասխանելով հարցին, թե այս ամենից ի՞նչ կարելի է սպասել, և հնարավո՞ր է՝ Նիկոլ Փաշինյանը և Էրդողանն առաջիկայում սկսեն ուղիղ բանակցություններ վարել, պատասխանեց, որ հիմա չպետք է զարմանալ, եթե տեսնենք  հայ-թուրքական հարաբերություններում աշխուժացում։

«Օրինակ, դեռևս ՀՀ առաջին նախագահի ժամանակ, ինչպես հիմա, այդ ժամանակ նույնպես դիվանագիտական հարաբերություններ չկային Հայաստանի և Թուրքիայի միջև, բայց հիշում եմ, որ 90-ականների կեսերին՝ 1993 թվականին,  երբ վախճանվեց Թուրքիայի վարչապետ Թուրգութ Օզալը, Հայաստանը որոշեց բարձր մակարդակով մասնակցել նրա հուղարկավորությանը։ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ մեկնեցին Թուրքիա, մի քանի ժամով նրանք մնացին այնտեղ, մասնակցեցին այդ արարողությանը և վերադարձան։ Դրանից հետո, եթե չեմ սխալվում՝ 2006 թվականին, երբ վախճանվեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Թուրքիան հաշվի առնելով փոխադարձության սկզբունքը, պատվիրակություն ուղարկեցին Հայաստան՝ մասնակցելու վարչապետի հուղարկավորությանը։

Կարդացեք նաև

Այնպես որ, այն, ինչ այսօր տեղի է ունենում՝ պատահական չէ, և զարմանալու իրավունք չունենք, քանի որ, եթե երկու երկրների միջև պայմանավորվածություն կա առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար։ Հետևաբար, տարբեր ուղղություններով պատվիրակների կամ ներկայացուցիչների միջև հանդիպումների ակտիվությունը մենք տեսնելու ենք»,- նշեց Նուբար Չալըմյանը։

Ի դեպ, Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումներ եղել են, երբ մեկնարկեց «Ֆուտբոլային դիվանագիտություն» անունը ստացած գործընթացը: 2008թ. սեպտեմբերի 6-ի  Աբդուլլահ Գյուլը ժամանեց Երևան՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու, իսկ 2009թ. հոկտեմբերի 14-ին էլ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնեց Թուրքիա երկու երկրների ֆուտբոլային հավաքականների խաղը դիտելու:

Ինչ վերաբերում է Փաշինյան-Էրդողան հնարավոր ուղիղ բանակցություններին, Նուբար Չալըմյանը չբացառեց նման հանդիպման հնարավորությունը։

«Էրդողան-Փաշինյան ուղիղ բանակցությունները չեն բացառվում, այն երկու կողմերին էլ ձեռնտու է՝ առանց միջնորդների։ Սովորաբար միջնորդները միջնորդական առաքելություն իրականացնում են սկզբի համար, երբ երկու կողմերի միջև կապ չկա, հանդես են գալիս միջնորդները։ Նրանք իրենց գործն անելուց հետո կարող են հեռանալ միջնորդական առաքելությունից՝ բանակցությունները թողնելով երկու շահագրգիռ կողմերին։ Սա այն դեպքն է, երբ երկու կողմն էլ շահագրգռված են ուղղակի բանակցություններ սկսելու համար»,- եզրափակեց Նուբար Չալըմյանը։

Տեսանյութեր

Լրահոս