Միլիոնավոր դրամների հերթական դրամաշնորհը՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշար միջոցառման համար

168.am-ը պարբերաբար անդրադառնում է «առատաձեռն» կառավարության դրամաշնորհների շքերթին: Դրամաշնորհի հերթական պայմանագիրն օրերս է կնքվել. ԿԳՄՍ նախարարությունը պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրով «ՎՍ Գրուպ» ՍՊԸ-ին հատկացնելու է շուրջ 41 միլիոն 641 հազար դրամ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշար միջոցառման համար:

Դրամաշնորհ ստացած ընկերությունը գումարի շրջանակներում պետք է իրականացնի բաներների տպագրություն, ցուցանակների տեղադրում, տարածքների դրոշներով ձևավորում, սննդի ապահովում, մարզիչների տեղափոխում, հյուրերի դիմավորում, մրցաշարի նկարահանում և այլ կազմակերպչական միջոցառումներ:

Պետգնումների armeps.am համակարգի տվյալներով՝ «ՎՍ Գրուպը» վերջին ակտիվություն էր ցուցաբերել 2019 թվականին՝ ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելով՝

Միասնական սոցիալական ծառայության հետ՝ նախ 18 միլիոն 888 հազար դրամ, ապա՝ 18 միլիոն դրամ արժողությամբ,

Պետական եկամուտների կոմիտեի հետ՝ 22 միլիոն դրամ արժողությամբ:

Հիշեցնենք՝ օգոստոսի 1-ին ԿԳՄՍ նախարարությունը նմանատիպ պայմանագիր էր կնքել «Կոնցեպտ Իվենթս» ՍՊԸ-ի հետ՝ հատկացնելով 20 միլիոն 107 հազար 814 դրամ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի անցկացումն ապահովելու համար:

Հիշյալ ՍՊԸ-ն նույն տարում երկրորդ անգամ էր «արժանանում» դրամաշնորհի. առաջինը՝ 2022թ. մարտի 11-ին էր, երբ «Կոնցեպտ Իվենթս»-ին հատկացվել էր 24 միլիոն 365 հազար 380 դրամ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական թենիսի մրցաշարի անցկացման միջոցառումը կազմակերպելու համար:

Ի դեպ, դրամաշնորհներից զատ՝ գնման գործընթացներում հաճախ հաղթող այս ընկերությունը գրեթե բոլոր կարևոր միջոցառումների «զարդն է» Երևանի Քաղաքապետարանում, ՀՀ ԿԳՄՍ-ում, հասցրել է ծառայություններ մատուցել նաև վարչապետի աշխատակազմում և Առողջապահության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններում:

Նկատենք՝ դրամաշնորհ ստացած երկու ընկերություններն էլ «երջանիկ պատահականությամբ» գրանցված են Ստեփանավան քաղաքում:

Տեսանյութեր

Լրահոս