«Հայերի ու ադրբեջանցիների միջև Էթնիկ բախումներ եղել են միշտ՝ Էրիվանի նահանգից մինչև Բաքու». Կարեն Իգիթյան
«Վարչապետը, որ ասում է՝ մենք չենք էլ հիշում՝ երբ է սկսվել հակամարտությունը, երբ է սկսվել թշնամանքը, մասնագետները շատ լավ հիշում են՝ սկսվել է մոտ 1000 տարի առաջ, երբ առաջին թուրքերը եկել են՝ սկսել են զավթել տարածաշրջանը: Մենք չենք ունեցել առանձին արցախյան հակամարտություն, Կարսի կոնֆլիկտ, Նախիջևանի հիմնահարց, Վանի խնդիր և այլն, սա մեկ՝ հայ-թուրքական խնդիր է, որ եկած թուրքը նստել է հայկական հողի վրա և քիչ-քիչ այդ հողը յուրացրել է»,- «Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը» զեկույցի շնորհանդեսին ասաց կովկասագետ Կարեն Իգիթյանը:
Նրա խոսքով՝ հայ-թուրքական բախումները չեն եղել միայն Արցախում. «Դրանք եղել են Երևանից մինչև Բաքու: Բոլոր այն տեղերը, որտեղ հայերը և այն ժողովուրդը, որ հետո դարձել է ադրբեջանցի, իրար կողք էին ապրում, այդ բոլոր տեղերում եղել են այդ բախումները: Հաշվի առնելով, որ Ադրբեջանը ստեղծված է Թուրքիայի կողմից, Ադրբեջանն իրեն ընկալում էր՝ որպես ուժեղ կողմ, որովհետև Թուրքիան կանգնած էր Ադրբեջանի մեջքին:
Ելնելով դրանից՝ Ադրբեջանը վարում էր անզիջում բանակցություններ, իսկ ՀՀ իշխանությունները՝ առաջին նախագահի ժամանակ՝ շատ զիջողական, երկրորդ և երրորդ նախագահների ժամանակ Հայաստանի դիրքորոշումը կոնստրուկտիվ էր և փորձում էին լինել փոխզիջողական, և այս դե ֆակտո կառավարության ժամանակ ևս տեսնում ենք շատ ավելի զիջողական մոտեցում: Արցախի անկախությունն ինքն իրենով արդեն զիջում էր հայկական կողմերից, որովհետև ի սկզբանե Արցախը և Հայաստանը ներքին կարգով ընդունել էին լեգիտիմ որոշում, որ միացվել են իրար: Դրա մասին կա նաև հղում ՀՀ անկախության հռչակագրում:
Առաջին նախագահը, երբ ամրացրեց իր իշխանությունը, միանգամից հրաժարվեց այդ գաղափարից, գնաց Ժելեզնովոդսկ և այնտեղ ստորագրեց կոմյունիկե, որտեղ Արցախն ընկալվում էր՝ Ադրբեջանի ներքին հարց: Եթե կան ՄԱԿ-ի բանաձևերը, որտեղ ասվում է, որ Արցախն ընկալվում է՝ Ադրբեջանի մաս, արդյո՞ք միջազգային հանրությունը հենց դա էր ուզում, նշաձողը պետք է իջեցվեր, ուրիշ տարբերակ չկար: Մենք տեսնում ենք, որ այդ ամենը շատ ժամանակ կախված էր հենց Հայաստանի դիրքորոշումից»:
Մանրամասները՝ տեսանյութում



