Եկատերինբուրգ, Միներալնիե Վոդի. Մեկնարկում են «Fly One Armenia»-ի նոր ուղղությունները
Շուրջ մեկ տարի իր գործունեությունը ծավալող «Fly One Armenia» ավիաընկերությունն արդեն 200 հազար ուղևոր է տեղափոխել ամենատարբեր ուղղություններով:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Fly One Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը նշեց, որ այդ թիվը շարունակաբար աճում է:
«Կարծում ենք, որ 200 հազարն իսկապես նշաձող է մեր գործունեության այս կարճ ժամանակահատվածի համար: Այսօր արդեն կարող ենք ասել, որ ավիաընկերությունն օրական 2 հազարից ավելի ուղևոր է տեղափոխում: Մարդկային կապերի ամրապնդման առումով անում է հնարավորն ու անհնարինը: «Fly One Armenia»-ն հայկական ամենամեծ թռիչքային աշխահրագրությունն ունեցող ավաիըանկերությունն է»,-ասաց Արամ Անանյանը:
Այսօր ավիաընկերությունը չվերթներ է իրականացնում դեպի Մոսկվա և, ըստ Արամ Անանյանի, առաջիկայում այս ուղղությամբ չվերթների հաճախականությունն ավելանալու է: Թռիչքներ կան դեպի Սոչի, Սանկտ Պետերբուրգ: Մոտ ապագայում կտրվի դեպի Ռուսաստան նոր ուղղոթյունների մեկնարկը՝ Եկատերինբուրգ, Միներալնիե Վոդի: Ավիաընկերության թռիչքային ուղղություններից են նաև Վրաստանը, Ֆրանսիան, Մոլդովան, Թուրքիան և այլն: Առաջիկայում տեսադաշտում նաև եվրոպական ուղղություններն են: Առաջիկա շաբաթվա ընթացքում կներկայացվեն մանրամասներ:
Այսօր ավիաընկերությունը շահագործում է 3 օդանավ, սակայն տեսանելի ապագայում նախատեսում է համալրել օդանավային պարկը, ինչը հնարավորություն կտա ընդլայնել թռիչքային աշխարհագրությունն, ավելացնել ուղևորահոքերի թիվը: Արամ Անանյանն ընդգծեց, որ լրջագույն ներդրումներ են կատարում մարդկային կապիտալի զարգացման գործում:
«Fly One Armenia»-ն արագ դինամիկ զարգացող ընկերություն է և նշաձողերը շարունակելու է բարձրացնել: Տարին մեզ համար առանձնացավ հետևողական աշխատանքով, որ ծառայությունների որակը բարելավվի ու ուղևորների վստահությունն ավելի ամրապնդվի»,-ասաց Արամ Անանյանը:
Ինչ վերաբերում է ավիաընկերության հետ կապված մի շարք խնդիրների, մասնավորապես, որոշ թռիչքների չեղարկմանը, տոմսերի գումարի վերադարձնելու գործընթացը ձգձգելուն, ապա Արամ Անանյանը նշեց, որ ամբողջ թիմով աշխատել են խնդիրների լուծման ուղղությամբ: Հետևողական աշխատանք է տարվում, որ ուղևորների համար պատշաճ ծառայություն մատուցվի: Ամեն դեպքում, եթե դեռ կան քաղաքացիներ, որոնց տոմսերի գումարի հետ կապված խնդիրը դեռ լուծված չէ, ապա Արամ Անանյանը նշեց, որ ավիաընկերոթյունը բոլոր ուղևորների տրամադրության տակ է: