Բաժիններ՝

«Մենք այս միջոցառումներով փորձում ենք հասարակության ուշադրությունը սևեռել Երևանի հնագույն թաղամասերից մեկի վրա»

Երևանի հնագույն թաղամասերից մեկը՝ Կոնդը, մի քանի օր ներկայանալու է նոր շնչով: Սեպտեմբերի 10-ին, 17-ին, 24-ին կանցկացվի «Կոնդի փառատոն»: Այն մշակութային, երաժշտական փառատոն է՝ հիմքում ունենալով իրազեկման, կրթական հարցեր, ժամանց, թաղամասի խնդիրների բարձրաձայնում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գյոթե կենտրոնի երևանյան գրասենյակի մշակութային ծրագրերի համակարգող Մարիամ Գուրզադյանը տեղեկացրեց, որ եռօրյա փառատոնի ընթացքում փորձելու են ներկայացնել Կոնդի եզակի պատմական և մշակութային նշանակությունը։ Ըստ փառատոնային օրերի՝ ներկայացվելու են դրվագներ անցյալից, ներկայից, և խոսվելու է թաղամասի ապագայի մասին։

«Մեր նպատակն է համաքաղաքացիներին, հյուրերին, միջազգային գործընկերներին ներկայացնել Կոնդի եզակի պատմական նշանակությունը, ինչպես նաև բնակիչների ուշադրությունը հրավիրել առօրյա խնդիրների վրա: Ասեմ, որ մենք հյուրընկալելու ենք Համբուրգից ժամանած արվեստագետների խմբի: Նրանք կիրականացնեն տարատեսակ աշխատարաններ փողոցային արվեստի շրջանակում: Լինելու է խումբ Վրաստանից: Նրանք բանկիչների հետ աշխատելու են նրանց երազած տների մակետների վրա»,- ասաց Մարիամ Գուրզադյանը:

Փառատոնը յուրաքանչյուր նշված օրերին մեկնարկելու է ժամը 18:30-ին թաղամասի երեք տարբեր՝ Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, Աբբաս-Ղուլու խանի մզկիթ, Շ․ Ռուսթավելու դպրոց հատվածներում: Հյուրերին կդիմավորի փահլևանը: Այնուհտև նրանք հնարավորություն կունենան ունկնդրել երգչախմբային երաժշտություն «Նաիրիան» խմբի կատարմամբ։ Կլինեն ազգագրական պարեր «Վան» խմբի կատարմամբ, որին կկարողանան մասնակցել նաև փառատոնի այցելուները։ Եկեղեցու բակում կլինի նաև «Կէան» խմբի կարպետագործության աշխատանոցը։

«Թեք տեղ» թատրոնի անդամ, երաժիշտ Տիգրան Ալեքսանյանի խոսքով, իրենց դռներն են բացելու Կոնդ թաղամասի բնակիչները: Կբացվեն Կոնդի բակերը, և այցելուները կկարողանան ներս մտնել, ծանոթանալ բնակիչների նիստ ու կացին, համտեսել նրանց պատրաստած խմիչքները, ուտեստներն ու անուշեղենը։

«Մենք այս միջոցառումներով փորձում ենք հասարակության ուշադրությունը սևեռել Երևանի հնագույն թաղամասերից մեկի վրա: Այն կանգուն է այնպիսին, ինչպիսի եղել է: Մենք փորձում ենք վեր հանել ազգային, մշակութային շերտերը, ներգրավում ենք տեղում ստեղագործող արվեսագետներին: Լինելու են բակային խաղեր, հետաքրքիր համերգային ծրագրեր: Ներգարվելու ենք տեղի բնակիչներին: Իրականում Կոնդը մեծ զբոսաշրջային ներուժ ունի, ինչը փորձում ենք վեր հանել: Որոշակի աշխատանքի արդյունքում հնարավոր է հասնել նրան, որ բակային հատվածներում ստեղծվեն այնպիսի պայմաններ, միջավայր, որ զբոսաշրջիկները սուրճ վայեն, հաճելի ժամանակ անցկացնեն: Կոնդեցիները շատ գեղեցիկ բակեր ունեն: Եթե ճիշտ աշխատանք տարվի, ապա Կոնդը կարող է դառնալ քաղաքի ակտիվ վայրերից մեկը»,-ասաց Տիգրան Ալեքսանյանը:

Այս մասշտաբով փառատոնն անցկացվում է առաջին անգամ: Կազմակերպիչներն ականկալում են, որ այն կդառնա ավանդական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս