«10 օր հետո կինոն կսկսվի, դհոլի ձենը դուրս կգա․ գռուզը վրեն՝ կքշենք հրապարակ»․ խաղողագործները ճանապարհ կփակեն
Արարատի մարզում մոտ 10 օրից կսկսվի խաղողի բերքահավաքը, սակայն բազմաթիվ գյուղացիներ կանգնած են լուրջ խնդրի առաջ՝ խաղող մթերող գործարանների հետ կնքված պայմանագրեր չունեն։
Արարատի մարզի Ոստան գյուղի մի քանի բնակիչ 168.am-ի հետ զրույցում իրենց մտահոգությունները փոխանցեցին, ասացին, որ դեռ ապրիլ-մայիս ամսից դիմել են համայնքապետարան, տարբեր գործարաններ, որպեսզի պայմանագրեր կնքեն իրենց հետ, սակայն միտումնավոր ձգձգել են, և այսօր հարյուրավոր գյուղացիներ կանգնել են խնդրի առաջ։
«Ամսի 10-15-ը բերքահավաքը կսկսվի, ոչ մեկս պայմանագիր չունենք։ Որ զավոդը գնացել ենք, ոչ մեկը պայմանագիր չի կապել։ Շուխուր եղավ, որ պայմանագրեր են կնքում, համայնքի ղեկավարից տեղեկանք վերցրեցինք, գնացինք գործարան, բայց էլի պայմանագիր չկնքեցին, ասացին՝ 2 օր համբերեք, մի բան կանենք, էդ 2 օրը 3-4 ամիս ձգեցին, բերին-հասցրեցին էսօր․․․
Մենք պատրաստ ենք ցանկացած գործարանում հանձնել, նախորդ տարիներին հանձնել ենք Սամվել Ալեքսանյանի, Հովիկ Աբրահամյանի, Դալարի, Ավշարի գործարաններում․․․
Այս տարվանից վատ տարի ոչ մի տարի չի եղել, էս տարի ահավոր ա, ամեն ինչ՝ անորոշ։ Լիքը ծախսեր ենք արել, որ խաղողը բերել ենք էս լավ վիճակին, բայց արդյունքում մեր ծախսերն անգամ չենք հանելու։
Հիմա էսպես է լինելու՝ ով ոնց կարողացավ, ով ծանոթ գցեց մեջտեղ, մի կերպ կհանձնի, ով էլ չէ՝ բերքը կփչանա։ 10 օր հետո իրավիճակը շատ վատ կլինի, կինոն կսկսվի, դհոլի ձենը դուրս կգա»։
Հարցին՝ համայնքի ղեկավարը, մարզպետը հանդիպե՞լ են գյուղացիների հետ, ի՞նչ լուծում են առաջարկում խնդրին, մեզ հետ զրուցող գյուղացիներն այսպես պատասխանեցին․
«Համայնքապետն ի՞նչ ասի, մարզպետն ի՞նչ կարա ասի, որ համայնքապետն ինչ ասի․․․ Ոչ մեկն էդ խաղի մեջ չկա, ոչ մեկը չի երևում, ո՛չ մարզպետարանից, ո՛չ Կառավարությունից, ո՛չ Ազգային ժողովից, ո՛չ մի տեղից։ Ասում եմ՝ մի շաբաթից կինոն կսկսվի, գյուղամեջ խոսում ենք տղերքով, սաղ ասում են՝ խաղողը քաղելու ենք, գռուզը վրեն քշենք մարզպետարանի դռան դեմը, քշելու ենք Երևան՝ հրապարակում կանգնենք։ Մի բան պե՞տք է անենք, որ էդ ապրանքը կարողանանք վաճառել, որ մեկը քայլ անի։ Ասում են՝ մինչև երեխեն չլացի, մերը կուրծք չի տա, հիմա դա եղել է գյուղացունը»։
Խաղողագործներից հետաքրքրվեցինք՝ ունե՞ն մոտավոր հաշվարկներ, թե նվազագույնը ի՞նչ արժեքով պետք է մթերվի խաղողը, որ բավարարի իրենց։
«Բավարարելը սուտ կլինի, որովհետև այսօր ամեն ինչն էլ թանկացել է։ Մինիմումը գոնե 150 դրամ պետք է լինի։ Նախորդ տարի մինչև 80 դրամ իջեցրել էին․․․ Եթե էս տարի նման բան արեցին, ավելի լավ է՝ թափենք, քան թողնենք մեզ էշի տեղ դնեն ու մեր տանջանքի հաշվին հարստանան»։
Գյուղացիները մեզ հետ զրույցում մեկ այլ կարևոր խնդիր էլ բարձրացրեցին․
«Պատկերացրեք՝ մենք հանձնում ենք Սամվել Ալեքսանյանի գործարան, ինչ-որ մեկն Ալեքսանյանի մանկլավիկների հետ լավ հարաբերություններ ունի, կարողանում է բերք մթերել, 150 դրամանոց խաղողն ինձնից առնում է 100 դրամով, 140-150 դրամով հանձնում են իրենց, կիլոգրամից 10-20 դրամ իրենց ես թողնում, մնացածն էլ ինքն է աշխատում։ Այսպիսի խաղեր են տալիս, «մաֆիա» է։ Արանքում գյուղացին՝ ապրանքատերն ա տուժում, որ ամբողջ տարին տանջվում աշխատում է, բայց թափով քեռի ու մորքուրի մարդ չունի, որ բերքը մթերի․․․»։
Նույն խնդիրը նաև Արտաշատ խոշորացված համայնքում է։
«Արտաշատի գյուղերում՝ Վերին Արտաշատ, Հնաբերդ, Դվին, բոլորը մնացել են օդի մեջ։ Գործարանները պայմանագրեր չե՛ն կապել, պատճառաբանել են՝ տեղ չունենք, ասում են՝ մենք պայմանագիր կապել ենք, թե ո՞ւմ հետ․ իրենք իրենց գործարանի համար իրենց հեկտարներն ունեն, էլ ոչ մեկի հետ չեն ուզում պայմանագիր կապել։ Օրինակ՝ Այգեստանի գործարանը, պայմանագրեր չի կնքում, ոչ էլ ընդունում է։ Ինքն այնքան այգի է դրել, որ իրեն պետք չէ։
Մարզպետարանի, համայնքապետարանի աշխատողներին էլ, որ ասում ես, պատճառաբանում են, թե գործարանը մասնավոր է, չեն կարող ստիպել, որ խաղող մթերեն․․․ Սերժին էին բան ասում, Սերժն այն ժամանակ լյուբոյ գործարանի էլ հանձնարարական էր տալիս, որ՝ մարդկանց վերջին խաղողը ընդունեք, բայց սրանք ասում են՝ իրավասություն չունենք։ Սա 1-2 հոգու հարց չի, սա հարյուրավոր մարդկանց է առնչվում․․․»։
Դիտարկմանը, որ նախորդ տարիներին գյուղացիներն ահազանգում էին, որ բերքի գինը գցելով և այլ խնդիրներ ստեղծելով՝ փորձում էին գյուղացիների այգիներին «տիրանալ», մեր զրուցակիցն ասաց, որ նույնն էլ այսօր է կատարվում․
«Մենաշնորհ են ուզում անել, էնքան են զզվացնում, որ մարդն ասի՝ ծախում եմ այգին, իրենք էլ միանգամից առնեն, գյուղացուն արանքից հանում են․․․»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով խաղողի մթերմանն ու դրան առնչվող խնդիրներին՝ վստահեցրել էր՝ պայմանագրերի մեծ մասն արդեն կնքված է։
«Մենք սերտ համագործակցում ենք խաղող մթերողների և աճեցնողների հետ և համագործակցության արդյունքում այս տարի ունենք անհամեմատ դրական վիճակ: Մթերման գործընթացից առաջ պայմանագրերի մեծ մասն արդեն կնքված է: Ավելի փոքր քանակի աճեցնողներ կան, որոնք դեռ պայմանագրեր չունեն, այժմ աշխատում ենք, որպեսզի մինչև մթերման սեզոնի սկսվելը նրանց նույնպես ապահովենք մթերման պայմանագրերով»,- ասել էր նախարարը:
Ի դեպ՝ խաղողի մթերման պայմանագրերի վերջնաժամկետը 2022 թվականի հուլիսի 1-ն էր։
Հիշեցնենք, որ նախորդ տարի խաղողի մթերումից, ինչպես նաև առաջարկվող ցածր գնից դժգոհող գյուղացիները ճանապարհներ էին փակել՝ այդ մեթոդով պատկան մարմինների ուշադրությունը խնդրին հրավիրելու նպատակով։
168.am-ը փորձեց կապ հաստատել Էկոնոմիկայի նախարարության Լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատուների հետ, պարզելու, թե ի՞նչ լուծում են պատրաստվում առաջարկել խաղողագործներին, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։