«Երևի իրենք իրենց լարած թակարդն են ընկել, պետք է տակից դուրս գան». Անդրանիկ Փիլոյանի փաստաբան
Մարտի 31-ից կալանավորված Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանի գործն ավարտական փուլում է։ 168.am-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ Փիլոյանի փաստաբան Տիգրան Սարգսյանը։
«Անդրանիկ Փիլոյանին այցելում են ընտանիքի անդամները, հեռախոսակապ ունեն նրա հետ, գործն էլ ավարտական փուլում է։ Այս պահին՝ այսքանը, որևէ նորություն չկա»,- ասաց փաստաբանը։
Փաստաբանի խոսքով՝ եթե Անդրանիկ Փիլոյանը մեղավոր չէ, ի՞նչ ասի, նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
«Ինքս չեմ պատկերացնում, թե այդ մարդուց ում ուզածն ինչ է, ոչ այն է՝ քաղաքական ենթատեքստ չենք տեսնում, երևի իրենք իրենց լարած թակարդն են ընկել, պետք է տակից դուրս գան»,- հավելեց փաստաբանը։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ կալանավորված անձը շարքային քաղաքացի չէ, այլ Ազգային հերոս, փաստաբանը նկատեց.
«Ինչ կարող եմ ասել, դա քիչ է հետաքրքրում, այդ ամենը մեր երկրում որևէ արժեք չունի, ի՞նչ տարբերություն»։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ մեղադրանք է առաջադրվել Արտակարգ իրավիճակների նախարարին, նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, որը բավարարվել էր: Քրեական գործով ևս 8 անձ ունեն՝ մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ։ Նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախկին նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափի կաշառք:
Նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/: Քննիչի որոշմամբ վերջինս 30.03.2022թ.-ին ձերբակալվել է: Նույն օրը միջնորդություն էր ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, ինչը բավարարվել էր։
Հիշեցնենք նաև, որ ԱԻ նախարարի պաշտոնը Անդրանիկ Փիլոյանը ստանձնել էր 2020 թվականի նոյեմբերի 20-ին՝ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրի հիման վրա։ Նախկին նախագահի մեկ այլ հրամանագրի համաձայն էլ՝ 2020 թվականի հոկտեմբերին Անդրանիկ Փիլոյանին շնորհվել էր բարձրագույն «Ազգային հերոսի» կոչում։