Դեպի գիտություն՝ նաև արվեստի միջոցով. Նոբելյան մրցանակակիր Քիփ Թորնը դասախոսություն անցկացրեց ԵՊՀ-ում
Ամերիկացի աշխարհահռչակ ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Քիփ Թորնը, որը Հայաստանում է STARMUS VI գիտության, արվեստի ու երաժշտության միջազգային փառատոնի շրջանակներում, դասախոսություն անցկացրեց Երևանի պետական համալսարանում, ներկայացրեց նախ իր փորձը, թե ինչպես է ֆիզիկան դարձել իր սերը, ինչպես կարելի է մարդկանց գրավել դեպի գիտություն, ապա նաև խոսեց ավելի «մասնագիտական լեզվով»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թորնը ԵՊՀ-ում էր սեպտեմբերի 5-ին:
Աշխարհահռչակ ֆիզիկոսը փոքր տարիքում այլ հետաքրքրություն է ունեցել, ապրելով Ամերիկայի հյուսիսում, ցանկացել է սառույց ջարդող մեքենայի վարորդ դառնալ: «Ես 8 տարեկան էի, երբ մայրս ինձ տարավ Արեգակնային համակարգի մասին դասախոսության, և ես տարվեցի դրանով: 5 տարի անց, երբ 13 տարեկան էի, կարդացի ռուս ֆիզիկոս Ջորջ Գամովի «Մեկ, երկու, երեք… անսահմանություն» գիրքը, որը ֆիզիկայի մասին էր, ֆիզիկայի, որը դարձավ իմ նոր սերը»,-նշեց Թորնը:
Ֆիզիկոսի խոսքով՝ իր կարիերայի ընթացքում ինքը մշտապես փորձել է նաև ոգեշնչել մյուսներին՝ այնպես, ինչպես Գամովն է ոգեշնչել իրեն: Ինքը նաև ջանացել է արվեստի միջոցով մարդկանց գրավել դեպի գիտություն: Նա Interstellar գիտաֆանտաստիկ ֆիլմի պրոդյուսերներից ու սցենարի հեղինակներից մեկն է:
«Այդ ֆիլմը աշխարհում շատ մարդկանց ոգեշնչեց՝ հետաքրքրվելու գիտությամբ»,-նկատեց Նոբելյան մրցանակակիրը:
Նա նաև աշխատանքներ է տանում երկրորդ ֆիլմի ուղղությամբ, հույս հայտնեց, որ առաջիկա 5 տարում արդեն պատրաստ կլինի:
Ապա Թորնը տիեզերքի վերաբերյալ դասախոսություն կարդաց ամերիկացի նկարիչ, լուսանկարիչ Լիա Հալորնի հետ միասին: Նոբելյան մրցանակակիրը խոսեց սև խոռոչներից, պատասխանեց ներկաներին հուզող տարաբնույթ հարցերի՝ գրավիտացիայի, սև խոռոչների, Interstellar-ի և այլնի մասին: Ֆիլմի վերջի մասին հարցին ի պատասխան` անվանի ֆիզիկոսը խորհուրդ տվեց կարդալ իր «Ինթերսթելարի գիտությունը» գիրքը, որը բացատրում է ֆիլմը:
Թորնը Նոբելյան մրցանակի է արժանացել 2017 թվականին Ռայներ Վայսի և Բարիի Բարիշի հետ՝ գրավիտացիոն ալիքների դիտարկման գործում իրենց ունեցած վճռական ներդրման համար: