Հայաստանը մաքուր երկինք ունի, աստղերը շատ պարզ կարող եք տեսնել. աստղալուսանկարիչների դասընթաց Starmus փառատոնի շրջանակներում
Մինչև սեպտեմբերի 2-ն Աղվերանում StarmusVI փառատոնի շրջանակում կգործի Աստղալուսանկարչության դպրոցը: Դասընթացներին մասնակցող՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ արտերկրից ժամանած մեր հայրենակիցներին իրենց հմտությունները կփոխանցեն հեղինակավոր աստղալուսանկարիչներ Քրիստոֆեր Գոյը, Օշին Զաքարյանը և այլք։
Մասնակիցների փոխանցմամբ՝ դասընթացի շրջանակներում իրենք հնարավորություն կունենան սեփական տեխնիկայով լուսանկարել երկինքը, ապա լսել պրոֆեսիոնալների դիտողություններն ու նկատառումները, որոնք կօգնեն առավել հմտանալ այս ոլորտում։ Արևիկ Հակոբյանը, օրինակ, Հայաստան է ժամանել Բելգիայից։
«Մասնագիտությամբ ոսկերչուհի եմ, հետաքրքրված եմ աստղալուսանկարչությամբ։ Լուսանկարելու փորձ չունեմ։ Հույս ունեմ` դասընթացից հետո կունենամ սեփական լուսանկարները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արևիկ Հակոբյանը։
Աստղալուսանկարիչ Օշին Զաքարյանն էլ նշեց, որ Հայաստան է ժամանել ԱՄՆ-ից՝ «Սթարմուս» փառատոնին ներկա գտնվելու և դասախոսություն կարդալու համար։
«Ես միայն երկինքը չեմ նկարում։ Հին եկեղեցիները, բնությունը, տեսարժան վայրերը նկարում եմ գիշերով` աստղերի հետ։ Իմ աշխատանքը սկսել եմ 25 տարի առաջ` Իրանում։ Փոքրուց սիրեցի աստղագիտությունը, սկսեցի ուսումնասիրել համաստեղությունները, որոշեցի լուսանկարներս բերել գիտություն։ Լուսանկարչությամբ զբաղվելու համար շատ թանկ տեխնիկա պետք չէ։ Հանգիստ կարող են նկարել` հատկապես Հայաստանում, որը մաքուր երկինք ունի։ Մի փոքր Երևանից հեռանալով` աստղերը շատ պարզ կարող եք տեսնել։ Այս հնարավորությունը շատ լավն է Հայաստանի լուսանկարիչների համար»,- ասաց Օշին Զաքարյանը։
«Ասթրոնոմ» ամսագրի խմբագիր Մ.Բաքիչն էլ հավելեց` այստեղ են, որպեսզի սովորեցնեն, թե ինչպես պետք է ճիշտ նկարել, ինչպիսի՞ դիտակ կամ տեսախցիկ պետք է գնեն, որպեսզի լուսանկարները, օրինակ, հայտնվեն աստղագիտական ամսագրերում։
Հավելենք, որ Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնն անցկացվելու է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։
STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Ստիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում է 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։
STARMUS փառատոնի հիմնադիրներն են աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը, դրանով միավորող հարթակ են ստեղծել համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների, մտածողների, գիտության, մշակույթի ու արվեստի գործիչների համար: Հնարավորություն են տվել փառատոնի շրջանակներում հանրությանը փոխանցել իրենց գիտելիքները, փորձը ու նորագույն հայտնագործությունները։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների շուրջ քննարկումներ անցկացումը։