«Այս պահին գործընթացը դեռ Արցախի տարածքային կառավարման նախարարության տիրույթում է». Միքայել Վիրաբյան

2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից  2 տարի անց Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը,  Ներքին Սուս և Աղավնո գյուղերն այսօր վերջնականապես հանձնվեցին թշնամուն, հարյուրավոր բնակիչները պարզապես բռնի տեղահանվեցին և զրկվեցին սեփական տներից։ Տեղահանված բնակիչների մի մասը հաստատվել է Հայաստանի տարբեր մարզերում, մյուս մասը՝ Արցախում։ Բնակիչների մեծ մասը դեռևս տուն գտնելու խնդիր ունի, քանի որ նրանց տրամադրված ֆինանսական աջակցությունը քիչ է, իսկ վարձով բնակարանների գները՝ շատ բարձր։

168.amՀՀ-ում Արցախի Հանրապետության Կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Բերձորի, Ներքին Սուսի և Աղավնոյի բնակիչներն օգտվում են այն արտոնություններից ու սոցիալական աջակցության ծրագրերից, ինչ, օրինակ, Շուշիի, Հադրութի կամ Ադրբեջանի օկուպացրած տարածքներից տեղահանված բնակիչները։

«Գործընթացի հենց սկզբից ամբողջությամբ այդ մարդիկ ներառված են ընթացիկ ծրագրերի մեջ, նույն ձևով էլ շարունակվելու է։ Միայն այսքանը ես կարող եմ նշել։

Այդ երեք բնակավայրերի բնակիչները ստանալու են այն նույն աջակցությունը, ինչ մյուս բնակավայրերից տեղահանված բնակիչները»,- նշեց Միքայել Վիրաբյանը։

Կարդացեք նաև

Հարցին՝ այդ երեք բնակավայրերից տեղահանված քանի՞ բնակիչ է  ներառվել ծրագրերում, Միքայել Վիրաբյանը պատասխանեց, թե գործընթացով զբաղվում է Արցախի կառավարության համապատասխան կառույցը,  ավարտից հետո այդ բնակիչներին օպերատիվ շտաբը վերցնելու է ընթացիկ հաշվառման մեջ։

«Այս պահին գործընթացը դեռ Արցախի տարածքային կառավարման նախարարության տիրույթում է»,- եզրափակեց Միքայել Վիրաբյանը։

Տեսանյութեր

Լրահոս