Հանցագործության փո՞րձ, թե՞ ներքին գզվռտոցի արդյունք. ի՞նչ է կատարվում ԲԴԽ-ում

Երեկ օրվա լրահոսի մեջ, թերևս, աննկատ մնաց մի ուշագրավ լուր. Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի օգնականը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ հայտնելով, որ անհայտ անձը մտել է իր աշխատասենյակ և համակարգչից փորձել մուտք գործել իր էլեկտրոնային հասցե, ինչը չի ստացվել: Ոստիկանությունը հաստատել էր տեղեկությունը: Ինչպես ասում են՝ սա կլիներ չափազանց զվարճալի, եթե չլիներ այդքան ողբերգական:

Այսինքն՝ ստացվում է՝ պետական պահպանության ենթակա դատական իշխանության բարձրագույն մարմնի շենքում ինչ-որ մեկը կարող է մտնել որևէ մեկի աշխատասենյակ ու այնտեղ ինչ-որ գործողություններ անել:

Իսկ որտե՞ղ են կարգադրիչները, տեսախցիկները, և առհասարակ ինչպե՞ս է հնարավոր նման բան: Իսկ եթե ոչ թե համակարգիչը փորփրելու ցանկության փոխարեն՝ որևէ անմեղսունակի մտքով ա՞յլ բան անցնի….

Ինչևէ, լուրն ինքնին խոսում է մեր պետության՝ ընդհանուր առմամբ, և մասնավորապես՝ պետական մարմիններում տիրող տոտալ «բարդակի» մասին:

Բայց ԲԴԽ 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ամեն ինչ այնքան պարզ չէ, որքան թվում է: ԲԴԽ-ում կա վարկած, որ այս լուրը կարող է ներքին գզվռտոցի հետևանք լինել:

Գաղտնիք չէ, որ ԲԴԽ անդամ, սորոսական Դավիթ Խաչատուրյանն ամեն ինչ անում էր Գագիկ Ջհանգիրյանից հետո ԲԴԽ նախագահ դառնալու համար… Կարծես թե իշխանությունների աջակցությունն ուներ, և որևէ խնդիր չպետք է լիներ, բայց դատավոր անդամները սկզբունքայնություն ցուցաբերեցին, և Դավիթ Խաչատուրյանը չդարձավ: Չստացվեց…

ԲԴԽ-ում կարծում են՝ Դավիթ Խաչատուրյանը շատ նեղված է իր պլանների ձախողումից, և հիմա ամեն բան անում է՝ ցույց տալու համար, որ ԲԴԽ-ում անկառավարելի իրավիճակ է, և Սերգեյ Չիչոյանը չի տիրապետում իրավիճակին: ԲԴԽ մեր աղբյուրները նաև պնդում են՝ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն ինքն է շահագրգիռ, որ հնարավորինս շուտ պարզվի իրականությունը:

Ինչևէ, իշխանությունները կարծես թե նեղսրտում են, որ Գագիկ Ջհանգիրյանից հետո դատավորների վրա ճնշումները թուլացել են, և համակարգը սկսում է փոքրիշատե շնչել: Ըստ ամենայնի՝ նրանց հույսը սեպտեմբերին մեկնարկող Ազգային ժողովի նստաշրջանում ԲԴԽ երկու իրավաբան անդամների ընտրությունն է:

Օրերս 168.amգրել էր, որ հավանաբար հենց այդ պատճառով էլ չէր կայացել ընդդիմադիր գործիչ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի կնոջ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով կարգապահական վարույթի նիստը:

Տեսանյութեր

Լրահոս