Ինչո՞ւ առեղծվածային կերպով չկայացավ դատավոր Աննա Փիլոսյանի գործով կարգապահական վարույթի նիստը
Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ այսօր՝ ժամը 15:00-ին, պետք է տեղի ունենար Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննության առաջին նիստը:
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ, ըստ ԲԴԽ կայքում տեղադրված տեղեկության, հանդիսացել է Արդարադատության նախարարության վերահսկողության վարչության պետ Հայկ Սանոյանի կողմից 16.05.2022թ. արդարադատության նախարարին ներկայացված հաղորդումը:
Նիստը, սակայն, տեղի չի ունեցել:
168.am-ի հետ զրույցում դատավորն ասաց, որ իսկապես այսօր ԲԴԽ-ում դատական նիստ է նշանակված եղել, որի վերաբերյալ իրեն ծանուցում չի հանձնվել, որևէ այլ եղանակով նույնպես չի տեղեկացվել նիստի մասին, սակայն հրապարակային կերպով ԲԴԽ կայքում այդ մասին որոշումը տեղադրված է, և ինքը դատական նիստին ներկայացել է, սակայն դատական նիստը փաստացի չի կայացել:
Նիստը չկայանալու պատճառների մասին հստակ տեղեկատվություն չունի, միայն տեղեկացվել է, որ հաջորդ դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 15-ին:
Հարցին՝ ո՞ւմ հետ է ինքը ԲԴԽ-ում շփվել, ո՞վ է իրեն տեղեկացրել, որ նիստը չի կայանալու, դատավորն ասաց՝ կցանկանար հայտնված տեղեկատվության շրջանակով սահմանափակվել:
Դատավորին հարցրեցինք՝ ի՞նչ տրամաբանություն է տեսնում նիստը չկայանալու մեջ, որովհետև ականատես ենք եղել դեպքերի, երբ անգամ նիստը հետաձգելու վերաբերյալ կողմի ներկայացրած միջնորդությունից հետո ԲԴԽ-ն չի հետաձգել նիստը, Աննա Փիլոսյանն ասաց՝ քանի որ այս պահին հստակ չի տիրապետում, թե ինչո՞ւ չի կայացել դատական նիստը, ճիշտ չի համարում ոչ փաստարկված ենթադրություններ հրապարակայնացնել:
ԲԴԽ-ից էլ 168.am-ի հարցին ի պատասխան՝ ինչո՞ւ չի կայացել նիստը, պատասխանեցին՝ Աննա Փիլոսյանը ծանուցված չի եղել, այդ պատճառով նիստը չի կայացել:
Ճշգրտող հարցին՝ նիստը բացվել-հետաձգվե՞լ է, թե՞ ընդհանրապես չի կայացել, ԲԴԽ լրատվական ծառայությունից պատասխանեցին՝ ընդհանրապես չի կայացել, քանի որ դատավորը ծանուցումը չի ստացել:
Կրկին խնդրեցինք ավելի հստակ պատասխանել՝ եթե ԲԴԽ կայքում նիստի օրվա մասին հրապարակային ծանուցում կա, պատասխանող կողմն էլ, տվյալ դեպքում՝ դատավոր Աննա Փիլոսյանը, ծանուցումը տեսել, ընդունել է ի գիտություն և այսօր ներկայացել է նիստին, ինքը խնդիր չի տեսնում, որ փաստաթղթային ծանուցում իրեն չի հասել, ուրեմն ինչո՞ւ նիստը չի կայացել, ԲԴԽ լրատվական ծառայության աշխատակիցը պատասխանեց՝ որովհետև Արդարադատության նախարարության ներկայացուցիչը չէր ներկայացել:
Ապա ասաց, որ երբ ծանուցումը չի հասնում կողմին, իրենք մյուս կողմին տեղեկացնում են, որ նիստը չի կայանալու:
Քանի որ ԲԴԽ-ի լրատվական ծառայության մեկնաբանությունն առանձնապես հասկանալի չէր, հարցը վերահասցեագրեցինք ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանին:
«Խորհուրդը չի իմացել, որ դատավորը գալու է: Որևէ կերպ աշխատակազմը չի կարողացել կապ հաստատել, որ ծանուցվի, կամ գոնե բանավոր ասվի: Տեղեկացվել ենք, որ քաղաքում չի, արձակուրդում է: Մինչ այժմ պատասխան էլ չի ներկայացվել: Ուստի դատավորին լսելու, նրա տեսակետը իմանալու համար ճիշտ գտանք հետաձգել»,- ասաց նա:
Թեպետ դատավորը հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանել ԲԴԽ-ի՝ իր գործով նիստը վիժեցնելու մոտիվացիան, այնուամենայնիվ, նաև հաշվի առնելով ԲԴԽ-ի բացատրությունները նիստը չկայանալու վերաբերյալ, դժվար չէ կռահել, որ սեպտեմբերի 15-ին նիստ նշանակելը կոնկրետ նպատակ ունի:
Այդ ժամանակ ԲԴԽ-ն արդեն միգուցե լուծած լինի իր երկու իրավաբան-գիտնական անդամների թափուր հաստիքների համալրման հարցը:
Ազգային ժողովի աշնանային առաջին քառօրյան նշանակված է սեպտեմբերի 12-ից: Բոլորովին չի բացառվում, որ սեպտեմբերի 12-15-ի ժամանակահատվածում ԱԺ-ն կընտրի երկու գիտնական անդամների, որոնք էլ վստահաբար կլուծեն ընդդիմադիր գործիչ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի կնոջը՝ դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, որովհետև այս պահին դա անելը թերևս բարդ կլիներ: