«Մեր հնարավորությունները սպառված չեն, պետք է աշխատել, համախմբվել Արցախի շուրջ. Արցախի հարցը ոչ միայն արցախահայության, այլև՝ ողջ հայության հարցն է». Կարեն Միրզոյան

Օգոստոսի 25-ին Բերձորի և Աղավնոյի բնակիչները կլքեն իրենց տները, ռուս խաղաղապահներն էլ դուրս կգան Բերձորից, քանի որ Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը մինչև օգոստոսի 25-ը ժամանակ է տվել, դե, նրան էլ հավանաբար ադրբեջանական կողմն է ժամանակ տվել: Հայերից դատարկված բնակավայրեր կմտնեն Ադրբեջանի Զինված ուժերի ներկայացուցիչները։

Թեպետ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված էր, որ «Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»:

Այսինքն՝ Բերձորի այլընտրանքային ճանապարհը պետք է կառուցվեր երեք տարվա ընթացքում՝ մինչև 2023 թվականը, սակայն ժամանակից շուտ այդ բնակավայրերը դատարկվում են, իսկ Հայաստանի իշխանությունները դրա վերաբերյալ որևէ բացատրություն չեն տալիս։ Միայն բոլորովին վերջերս տված հարցազրույցում Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ասել էր, որ «այլընտրանքային ճանապարհի մասով ՀՀ-ն պայմանավորվածությունները թողել է ԼՂ իշխանությունների որոշման տիրույթում: ՀՀ-ն ուղղակի կառուցողն է. ԼՂ-ն որոշել է՝ ոնց անցնի ճանապարհը»:

Մամուլում եղան նաև տարբեր հրապարակումներ, որ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ղեկավարների միջև հարցի վերաբերյալ բանավոր կամ գուցե գրավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Կարդացեք նաև

Բազմաթիվ փորձագետներ պնդում են՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա որևէ կետ, որ Աղավնոն պետք է հանձնվի թշնամուն։

Ավելին՝ 168.am-ի հետ զրույցում ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանն ասել էր, որ Բերձորի այլընտրանքային ճանապարհը, ըստ պայմանավորվածության, յուրաքանչյուր կողմից 2,5 կիլոմետր Հայաստանին պետք է պատկաներ, պետք է չեզոք գոտի լիներ, և հատվածներում ինչ կա, պետք է պատկաներ Հայաստանին։ Սակայն այդ ճանապարհը կառուցել են այնպես, որ ոչ թե Աղավնոյից 2,5 կմ հեռավորության վրա պետք է լինի, և Աղավնոն մտնի Հայաստանին պատկանող տարածքի մեջ, այլ 3,5 կմ հեռավորության վրա։ 1 կիլոմետր ավելի են տալիս, որպեսզի Աղավնոն մնա Ադրբեջանին։ Այդ դեպքում ևս ՀՀ իշխանությունը լռում է։

Ինչո՞ւ է հայկական կողմը կատարում ստանձնած պարտավորությունները, մինչդեռ ադրբեջանական կողմը խախտում է նոյեմբերի 9-ի փաստաթղթով ստանձնած պարտավորությունները։ Իսկ հայկական կողմը լռում է, լավագույն դեպքում՝ մատնանշում է ժամկետների խախտման փաստը միայն:

Ստեղծված իրավիճակում ի՞նչ է սպասվում Արցախին, ի՞նչ քայլեր պետք է կատարվեն, որպեսզի միջազգային հարթակներում առաջ տարվի Արցախի ինքնորոշման հարցը, թե՞ այդ հարցը ևս դուրս է գալիս օրակարգից:

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանը մեր հարցերին ի պատասխան՝ նախ ասաց՝ նոյեմբերի 9-ի հայտարարության որևէ կետով նախատեսված չէ այս կերպ հողերի հանձնում, խոսքը միայն այլընտրանքային ճանապարհ կառուցելու մասին է և բոլորովին այլ ժամկետների մեջ։

«Ինչ վերաբերում է քայլերին, այդ թվում՝ դիվանագիտական, կարծում եմ՝ հարցի հասցեատերը ես չեմ։ Կարող եմ միայն շեշտել, որ դիվանագիտական ու այլ հնարավորություններն այս պահին սպառված չեն։ Այլ բան է, թե որքանով այն անձինք, որոնք այսօր պատասխանատու են Հայաստանի արտաքին քաղաքականության ու անվտանգության համար, կդիմեն այդ լծակներին ու քայլերին»,- նշեց Կարեն Միրզոյանը։

Այս տարի ապրիլին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, թե «միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»:

Արցախի արտաքին գերատեսչության նախկին ղեկավարը չցանկացավ մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ շեշտելով.

«Վաղուց ի վեր դադարել եմ մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, քանի որ անիմաստ եմ համարում։ Համոզված եմ, որ այս հայտարարությունը՝ նշաձողն իջեցնելու վերաբերյալ, միայն բացասական ազդեցություն է ունեցել և ունենալու հետագայում։ Այն դժվարացնելու է այն մարդկանց աշխատանքն ու առաքելությունը, որոնք պետք է զբաղվեն Արցախի հարցով և որոնք ամեն ինչ պետք է անեն՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը, նրա հիմնարար ազատությունների իրագործումը։ Իսկ այդ հիմնարար ազատությունների մեջ նախևառաջ մտնում է ինքնորոշման իրավունքը»,- շեշտեց Արցախի նախկին արտգործնախարարը։

Ինչ վերաբերում է Արցախի հետագա ճակատագրին և հեռանկարներին, ապա Կարեն Միրզոյանը դժվարացավ այժմ որևէ դրական բան ասել։

«Դատելով ընդհանուր զարգացումներից և այն պահվածքից, որը դրսևորում են իշխանությունները, պարզապես չեմ տեսնում որևէ դրական զարգացման հեռանկար։ Սակայն ինքս համոզված եմ, որ մեր հնարավորությունները սպառված չեն, խոսքն այն մասին է, որ պետք է աշխատել, քայլեր ձեռնարկել, նախևառաջ՝ համախմբվել Արցախի շուրջ, Արցախի հարցը ոչ միայն արցախահայության հիմնահարցն է, այլև՝ ողջ հայության հարցն է։ Կորցնել Արցախը՝ նշանակում է առաջին հարվածը հասցնել Հայաստանին»,- եզրափակեց Կարեն Միրզոյանը։

Նշենք, որ Կարեն Միրզոյանն Արցախի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2012-2017 թվականներին։

Տեսանյութեր

Լրահոս