Բաբկեն Թունյանը չի բացառում Ադրբեջանից գազ գնելու շուրջ քննարկումները. եթե դա բխում է ՀՀ շահերից

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում չբացառեց Ադրբեջանից գազի ձեռքբերման հավանականությունը։

«Այս հարցին ինքս մեկ անգամ պատասխանել եմ։ Նախ, կախվածություն լինում է այն ժամանակ, երբ դու էներգառեսուրս գնում ես մեկ աղբյուրից, ցանկացած այլընտրանքային աղբյուրից էներգառեսուրս գնելը կախվածությունը ոչ թե ավելացնում, այլ նվազեցնում է։ Այսինքն՝ եթե մենք ժամանակին գազ գնում էինք միայն Ռուսաստանից, հետո սկսեցինք գնել նաև Իրանից, երրորդ մատակարարից գազ գնելու հնարավորությունը մեծացնում է էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակը։ Հիմա Ադրբեջանից գազ կգնվի, թե չի գնվի, սա մի քիչ ավելի հետագայի ու տեսական հարց է, բայց երբ կունենանք այնպիսի իրավիճակ, երբ կկարողանանք առևտրային հարաբերություններ սահմանել, և եթե մեզ որևէ ռեսուրս պետք է, պետք է նայենք, թե այդ ռեսուրսն ով է ավելի էժան, որակով ու արագ մատակարարում»,- նշեց Բաբկեն Թունյանը։

Ըստ նրա, եթե այդ ռեսուրսը մատակարարում է Ադրբեջանը, կարելի է դա քննարկել, եթե բխում է ՀՀ շահերից։

«Իհարկե, պետք է միշտ հաշվի առնել, որ պետք է պահել դիվերսիֆիկացիան ու այլընտրանքային աղբյուրները»,- ընդգծեց իշխանական պատգամավորը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է հնչող հայտարարություններին, որ իրանական գազի մատակարարման ծավալները կարող են ավելի մեծացնել, Բաբկեն Թունյանը նկատեց՝ ովքեր խորհուրդ են տալիս Իրանից ավելի մեծ ծավալով գազ գնել, որոնք ներկայանում են փորձագետ, կարող են իր հետ միասին հրավիրել բանավեճի։

«Թող այդ մարդիկ գան, ցույց տան հնարավորությունները, ես էլ  ցույց կտամ իրանական գազի սահմանափակումները։ Գուցե այդ մարդը կախարդական եղանակներ գիտի, որը մեր կառավարությանը հայտնի չէ։ Եթե մարդկանց թվում է, որ միայն իրենց մտքով է անցնում, որ կարող են Իրանից գազ գնել, այդպես չէ»,- եզրափակեց Բաբկեն Թունյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս