Թուրքերը դեռ Երևանում չեն, որովհետև կա Ռուսաստանը, որի հեռանալու դեպքում չի լինի նաև Երևանը. Արթուր Խաչիկյան

Սթենֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ «ռուս խաղաղապահներին հանենք, նրանց փոխարեն Արցախում միջազգային խաղաղապահներ տեղակայենք» հայտարարություններ անող և այդ թեզի կողմնակից արևմտյան տարատեսակ դրամաշնորհներով սնվող հայաստանյան հասարակական-քաղաքական գործիչներին կոչ է անում՝ Հայաստանում հակառուսական ալիք չբարձրացնել ու զուր տեղը սեփական ուժերով Արցախը պաշտպանելու փոխարեն՝ այդ պաշտպանությունը որևէ այլ երկրի խաղաղապահներին չպատվիրակել: Ակնհայտ է՝ խաղաղապահը չի՛ կարող ապահովել որևէ երկրի անվտանգությունն այնպես, ինչպես դա կանի տվյալ երկրի բանակը, բացի այդ, խաղաղապահների տեղակայումը դեռևս չի նշանակում, որ տվյալ տարածքի բնակչության անվտանգությունն ամբողջությամբ ապահովված է։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արթուր Խաչիկյանը ռուս խաղաղապահներին միջազգային խաղաղապահներով փոխարինելու կողմնակիցներին նաև հիշեցրեց պատմության դառը փորձը, երբ միջազգային խաղաղապահներ տեղակայված երկրներում իրականացվել են ցեղասպանություններ, օրինակ՝ Սոմալիում զոհ է դարձել 500 հազար, Ռուանդայում՝ 800 հազար, Բոսնիա և Հերցեգովինայում՝ 8 հազար, իսկ Դարֆուրում՝ 200 հազար մարդ։

«Իհարկե, հարցեր կան, Ռուսաստանը չարեց այն, ինչի հույսն ունեինք, բայց, գոնե փրկեց Արցախի բնակչությանը։ Հայաստանը հիմա կա, և թուրքերը Երևանում չեն, որովհետև կան ռուսական ուժեր՝ Թուրքիայի հետ մեր սահմանին, այնպես որ, եթե Ռուսաստանը վաղը այստեղից դուրս գա, վաղը չեն լինի Արցախը, Գորիս-Կապանը. չի լինի նաև Երևանը։ Մենք մեղադրում ենք Ռուսաստանին, իսկ նրանք էլ մեզ են մեղադրում, որովհետև մենք անկանխատեսելի և ոչ վստահելի երկիր ենք և ունենք հակառուսական տրամադրություններ տարածող մի մեծ խավ, որը սակայն չունի հարցի պատասխանը՝ իսկ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը այստեղից դուրս գա»,- ասաց Խաչիկյանը՝ հատուկ ընդգծելով՝ Հայաստանի առանց այն էլ ծանր վիճակը էլ ավելի են ծանրացնում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը միտված ՀՀ վարչապետի հայտարարությունները։

«Այնպես որ, այն մարդիկ, որոնք հույս ունեն, որ ամերիկացի խաղաղապահներ, կամ այլ երկրից, կապ չունի, պետք է գան ու Արցախի հայությանը պաշտպանեն, թող պատասխանեն մի պարզ հարցի՝ ինչպե՞ս վարվեցին Ֆրանսիան ու ԱՄՆ-ը 44-օրյա պատերազմի ժամանակ, արդյո՞ք դատապարտել են ադրբեջանցիների հանցագործությունները, կա՞ արդյոք մեկ դատապարտում»,- ասաց Սթենֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների դոկտորը։

Կարդացեք նաև

Խաչիկյանի խոսքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին 4 տարիների ընթացքում պարզապես կատաստրոֆիկ է, ինչի հետևանքով Հայաստանը հայտնվել է ռազմաքաղաքական շրջափակման մեջ։

«Դա է պատճառը, որ մենք պատանդ ենք դարձել հիմա, և մեր հարցերը, ինչպես 300 տարի առաջ, լուծում են Մոսկվան և Անկարան, ուստի, եթե շարունակենք մեզ այսպես պահել և Ռուսաստանի հետ շարունակաբար փչացնել մեր հարաբերությունները և հավատալ, թե ֆրանսիացիները մեզ ռազմական օգնություն ցույց կտան, մենք Հայաստան չենք ունենա. բայց գիտե՞ք՝ գուցե դրա՞ն ենք արժանի, չէ՞ որ չի՛ կարելի սխալվել 300 տարի առաջ և նաև հիմա»,- ասաց Խաչիկյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս