
Էրդողանն ու Ասադը 10 տարվա մեջ առաջին անգամ կարող են հեռախոսազրույց ունենալ

Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Բաշար ալ-Ասադը հնարավոր է հեռախոսազրույց ունենան։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնում է թուրքական իշխանամետ Turkiye թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Նշվում է, որ երկու նախագահները չեն խոսել 2011թ-ից ի վեր:
Թուրքիայի նախագահը Սոչիում իր ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ Վլադիմիր Պուտինն իրեն առաջարկել է «ընտրել Սիրիայում խնդիրները լուծելու ուղին»՝ համագործակցելով Բաշար ալ-Ասադի վարչակարգի հետ։
Հարցի շուրջ նաև խոսել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, նշելով. «Սոչիում վերջերս կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են Սիրիայի հետ կապված հարցերը: Ինչ վերաբերում է հեռախոսով երկկողմ շփումների հեռանկարին, ապա դրա մասին պետք է հարցնել Անկարային կամ Դամասկոսին»:
Հիշեցնենք, որ Ասադ-Էրդողան հարաբերությունները լարված են Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր: