
«Առաջարկվելու է Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նոր գաղափարական հենք և միջոցառումների նոր ծրագիր». Էդգար Ղազարյան

Այսօր Հանրապետության հրապարակում ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ վաղը՝ օգոստոսի 10-ին, Հանրապետության հրապարակում հրավիրում է մամուլի ասուլիս, որի ժամանակ կխոսի, ինչպես նա ասաց՝ հայ ժողովրդի ամենամեծ թշնամի Նիկոլ Փաշինյանին իշխանությունից վռնդելու նոր պրոցեսի մեկնարկի մասին։
168.am-ը Էդգար Ղազարյանից հետաքրքրվեց, թե կոնկրետ ի՞նչ գործընթաց է սկսելու:
Էդգար Ղազարյանը չցանկացավ շատ մանրամասներ ներկայացնել ասուլիսից առաջ՝ խոստանալով, որ վաղն ամեն ինչ մանրամասն կներկայացնի։
«Շատ բաներ չասեմ, որպեսզի վաղն ասուլիսի գաղափարը չխախտվի, բայց առաջարկվելու է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նոր գաղափարական հենք և միջոցառումների նոր ծրագիր, որը կապ չունի «Դիմադրության» շարժման՝ մինչ այժմ արած գործողությունների հետ։ Այսինքն՝ չի հակադրվում որևէ մեկի իրականացրած քայլերին, իհարկե, բարձր ենք գնահատում այդ քայլերը և անձնապես մասնակից ենք եղել դրան։ Ես առաջարկում եմ նոր մոտեցում, որը կարող է ունենալ նաև մյուսների աջակցությունը, մենք ակնկալում ենք ընդհանուր հանրային աջակցություն։ Առաջարկելու ենք նոր միջոցառումներ, գործողություններ, որոնց մասին փուլ առ փուլ կհայտարարենք, այդ թվում՝ առաջին փուլի մասին հենց վաղը կասեմ»,- եզրափակեց Էդգար Ղազարյանը և ընդգծեց՝ ասուլիսի ընթացքում կպատասխանի հետաքրքրող բոլոր հարցերին։