Դրամի արժևորումը հարվածում է զբոսաշրջային բիզնեսներին. Կառավարությունից լուծումներ են ակնկալում
Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2022 թվականի առաջին վեց ամսում Հայաստան է ժամանել 588 731 զբոսաշրջիկ:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց՝ այս կիսամյակի ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ շուրջ 2.4 անգամ ավելի է:
Նա, սակայն, հավելեց՝ ոլորտը կայուն վերականգնման փուլ չի մտել ու դեռ հեռու է 2019-ի ցուցանիշից:
«Կայուն վերականգնմանն այժմ խոչընդոտում է դոլարի և եվրոյի նկատմամբ դրամի այս խիստ արժևորումը,- ասաց Մեխակ Ապրեսյանը՝ նկատելով, որ այդ տատանման պատճառով զբոսաշրջային բիզնեսները վնասներ են կրում,- Պարզապես նրանք չեն կարող չեղարկել արդեն վաճառված փաթեթները: Իսկ դրամն առնվազն 20 տոկոսով արժևորվել է, դրան գումարած՝ մենք ունեցել ենք նաև ընդհանուր գնաճ, ինչը նշանակում է, որ 30 տոկոս թանկացում կա: Եվ քանի որ եկողները նախկին գներով են գալիս, մերոնք դրանից վնասներ են կրում»:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը տեղեկացրեց՝ այս խնդիրների լուծման նպատակով այսօր առաջարկ են ներկայացնելու կառավարություն:
«Մասնավորապես առաջարկում ենք, որ այն այցելությունները, որոնք, այնուամենայնիվ տեղի են ունենում (քանի որ, եթե մերոնք չեղարկեն, և ՛ իրենց, և՛ երկրի իմիջի վրա բացասական ազդեցություն կունենա), դրանց վնասները հատուցելու հնարավորությունը քննարկվի: Եվ որպեսզի նորից չունենանք չեղարկումներ, կարողանանք այս տարվա ընթացքում սուբսիդավորել մեր զբոսաշրջային ծառայությունների և փաթեթների իրացումը»,- պարզաբանեց Մեխակ Ապրեսյան: