No More Ransom նախաձեռնությունը ամբողջ աշխարհի ավելի քան 1,5 միլիոն օգտատիրոջ օգնել է վերականգնել տվյալները
No More Ransom նախաձեռնությունը, որի շնորհիվ ծածկագրող ծրագրերի զոհերը կարող են վերականգնել իրենց տվյալները, ամփոփում է վեց տարվա աշխատանքի արդյունքները. ստեղծումից ի վեր ծրագրի գործընկերների թիվը 4-ից հասել է 188-ի, իսկ կայքում հասանելի են դարձել ֆայլերի վերականգնման 136 գործիքներ:
Ընդհանուր առմամբ, No More Ransom-ի միջոցով ամբողջ աշխարհի ավելի քան 1,5 միլիոն օգտատերեր կարողացել են վերականգնել իրենց տվյալները. նախագիծը հասանելի է 37 լեզուներով: Այս մասին հաղորդում է «Կասպերսկի» ընկերությունը, որը, որպես հիմնադիր-գործընկեր ընկերություններից մեկը, իր ներդրումն է ունեցել ծածկագրումը բացող 9 գործիքների մշակման գործում, որոնք օգնում են վերականգնել տվյալները՝ ծածկագրված շորթող ծրագրերի 38 ընտանիքների կողմից: Ընդհանուր առմամբ, սկսած 2018-ից ամբողջ աշխարհի օգտատերերն այդ ծրագրերը ներբեռնել են ավելի քան 300 հազար անգամ։
Ընկերության փորձագետները պարզաբանում են, որ, որպես կանոն, շորթող ծրագիրը գաղտնագրում է սարքի արժեքավոր տեղեկատվությունը՝ այն անհասանելի դարձնելով օգտատիրոջ համար: Վարակումը կարող է տեղի ունենալ վտանգավոր և խարդախ կայքեր այցելությունների, ծրագրային ապահովման բեռնման, կցված վնասաբեր ֆայլերը բացելու, ինչպես նաև հեռավար հասանելիության արձանագրության (RDP) միջոցով կամ համացանցին միացված սերվերներում խոցելիության շահագործման հետևանքով: Այնուհետև չարագործները փրկագին են պահանջում զոհից՝ փոխարենը խոստանալով վերադարձնել տվյալները սկզբնական տեսքով, հաճախ նաև սպառնալով դրանց հրապարակմամբ։ Գրոհների այս տեսակը զարգանում է արդեն երկար տարիներ և առնչվում է ինչպես մասնավոր օգտատերերին, այնպես էլ կազմակերպություններին, իսկ իրենք՝ չարագործները, ստեղծում են ամբողջ էկոհամակարգեր։
Ծածկագրող ծրագրերի դեմ պայքարի նախաձեռնությունը 2016-ին գործարկել են Եվրոպոլը, Նիդերլանդների ոստիկանությունը, «Կասպերսկի» ընկերությունը և այլ գործընկերներ: Պաշտոնական կայքում նախագծի մասնակիցները հրապարակում են ծածկագրումը բացելու գործիքներ, ուղեցույցներ և հրահանգներ այն մասին, թե ինչպես և ում տեղեկացնել կիբեռհանցագործությունների մասին: Այս ծրագրերը և նյութերը արդեն օգնել են 165 տեսակի շորթող ծրագրերի զոհերին անվճար վերադարձնել իրենց տվյալները: Նախագիծը նաև կոչված է բարձրացնել օգտատերերի իրազեկությունն այն մասին, թե ինչպես են աշխատում նման ծրագրերը և ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել վարակումը կանխելու համար:
«Շորթող ծրագրերը շարունակում են մնալ կիբեռանվտանգության լուրջ հիմնախնդիրներից մեկը: Միայն 2022-ի առաջին երեք ամիսներին ավելի քան 74 հազար օգտատերեր են բախվել ծածկագրիչների գրոհներին, և դրանք բոլորն էլ հաջողությամբ կանխվել են: Լավ է, որ նախագիծը մարդկանց և ընկերություններին օգնում է վերականգնել իրենց թվային ակտիվները՝ առանց չարագործներին փրկագին վճարելու։ Այսպիսով, մենք հարվածում ենք իրենց խոցելի տեղին՝ բուն բիզնես մոդելին, որը ենթադրում է շահույթ տվյալների ծածկագրումը բացելու համար։ Մենք մտադիր ենք շարունակել պայքարը շորթող ծրագրերի դեմ մեր գործընկերների և նախագծի ապագա մասնակիցների հետ միասին»,- նշում է «Կասպերսկի» ընկերության կիբեռանվտանգության փորձագետ Դմիտրի Գալովը։
Իմանալ ավելի մանրամասն այն մասին, թե ինչպես պայքարել ծածկագրող ծրագրերի դեմ, ինչպես նաև կարդալ ավելին No More Ransom նախաձեռնության մասին, կարելի է կայքում։