«Արմենիա» ավիաընկերությունը պարզաբանում է չվերթների հետ կապված խնդիրները
«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը պարզաբանում է ներկայացրել մի շարք չվերթների ուշացումների հետ կապված: Գևորգ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը շատ ավիաընկերություններում առաջացրել է օդանավերի սղություն` պայմանավորված եվրոպական պատժամիջոցներով: Շատ լիզինգատուներ ետ են կանչել իրենց օդանավերը:
«Հարգելի գործընկերներ և ուղևորներ, «Արմենիա» ավիաընկերության և մեր ամբողջ թիմի անունից ներողություն ենք խնդրում պատճառած անհարմարությունների համար: Երեկ երեկոյան 21:00-ից մինչև այս պահը անդադար, մենք աշխատել և աշխատում ենք չվերթների հետ առաջացած խնդիրները լուծելու համար:
Ստացվել է այնպես, որ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը շատ ավիաընկերություններում առաջացրել է օդանավերի սղություն` պայմանավորված եվրոպական պատժամիջոցներով:
Շատ լիզինգատուներ ետ են կանչել իրենց օդանավերը:
«Արմենիա» ավիաընկերությունն իր 6 տարվա պատմության մեջ երբեք չի հրաժարվել իր պարտավորությունների կատարումից: Այսօրվա ուշացումները ևս բացառություն չեն: 06/08 NGT 930 չվերթը, որը նախատեսված էր 10:20-ին, արդեն մեկնել է, դեպի Հուրգադա NGT 1727/1728 չվերթը կմեկնարկի 01:00 Երևանի ժամանակով: Բոլոր ուղևորներին հասանելի փոխհատուցումները կատարվելու են, հյուրանոցները ապահովվելու են: Շնորհակալություն ըմբռնման համար»,-նշել է Գևորգ Խաչատրյանը: