Բաժիններ՝

Հանրային հեռուստաընկերությունը բյուջե չի վճարի շուրջ 743.000 դոլար շահութաբաժինը

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերից մեկով հաստատեց Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի առաջարկությունը, որով Հանրային հեռուստաընկերությունն ազատվեց 2022թ. պետա­կան բյուջե վճարման ենթակա 308 միլիոն 664 հազար դրամի չափով շա­հու­թա­բաժնի վճարման պար­տավորությունից (շուրջ 743 հազար դոլար):

Նախագիծը մշակել և կառավարության հաստատմանն էր ներկայացրել Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: Ըստ հիմնավորման՝ նպատակը տաղավարների տեխնիկական վերազինման ու դեկորացիաների ձեռքբերման անհրաժեշտությունն է:

Նախագծում նշվում է, որ 2021 թվականի հունիսին ընկերության լրատվական ծառայության բազայի հիման վրա ստեղծվել է նոր լրատվական հեռուստաալիք, որը 24-ժամյա ռեժիմով ապահովում է լրա­տվության մատուցում, և մրցակցային հարաբերություններին դիմակայելու նպատա­կով՝ կարևոր են նաև տեղեկատվության ներկայացման հեռուստատեսային տեսապատկերի արդիականությունն ու հեռուստատեսային «գրավչու­թյունը»:

«Եթե հաշվի առնենք, որ ներ­կա­յումս լրատվական ալիքի լրատվական թողարկումների տաղավարային նկարահանումներն իրականացվում են նախկին լրատվական ծառայության թողարկումների համար մոտ 6 տարի առաջ իրականացված դեկորատիվ ձևավորմամբ, ապա պարզ է դառնում, թե որքան անհրաժեշտ է թարմացնել և ամբողջությամբ փոփոխել տաղավարի ձևավորումը։

Հատկանշական է, որ բացի լրատվական թողարկումներից, Առաջին լրատվական հեռուստաալիքի (զուգա­հեռ՝ նաև Առաջին ալիքի) համար պատրաստվում են հասարակական և քաղաքական բնույթի հաղորդումներ՝ «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ», «Հանրային քննար­կում», «Հարցազրույց Աստղիկ Սարգսյանի հետ», «Տարբեր կարծիքներ Աննա Դանիելյանի հետ» և այլն, որոնց նկարահանումները նույնպես իրականացվում են 2018 թվականին ձեռք ­բերված դեկորացիաներով ձևավորված տաղավարներում։ Ուստի նշված հաղորդաշարերի արդիականության շարունակականության ու դիտելիության ապահովման համար տաղա­վարներն անհրաժեշտ է արդիականացնել՝ փոփոխել դեկորացիաները և ներկայացնել տեխ­նիկական նոր լուծումներ»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Այս ամենը ինչ-որ տեղ ընկալելի կլիներ, եթե ընդամենը մեկ տարի առաջ՝ 2021 թ. ապրիլի 15-ին, կառավարության 570-Ն որոշմամբ՝ հանրային հեռարձակողի խորհրդին պահուստային ֆոնդից 427 միլիոն դրամ՝ շուրջ կես միլիարդ դրամ չհատկացվեր «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության լրատվական հեռուստաալիքի ստեղծման նպատակով:

Ասել է թե՝ պաշտոնական նոր հիմնավորումը հիմնավոր չէ:

Ի դեպ, տեղեկացնենք նաև, որ «նոր լրատվական հեռուստաալիքը» ընդամենն օրեր առաջ հրապարակավ տեղեկացրել էր, որ ծանուցում է ստացել հանրային մուլտիպլեքսի մայրաքաղաքային սփռումից դադարեցնել հեռարձակումը, և, որ լրատվական ալիքին քաղաքացիները կարող են հետևել մալուխային եղանակով, 1lurer.am կայքի ուղիղ հեռարձակման բաժնում, YouTube-յան ալիքում և այլ սոցհարթակներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս