«Նիկո՛լ, դու ո՞վ եղար, որ մեր փոխարեն նման որոշումներ կայացնես, խելքդ գլուխդ հավաքիր, արդեն զզվել ենք քեզնից»․ Վարդենիսի բնակիչները զայրացած են Փաշինյանի այսօրվա հայտարարությունից

Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով թշնամի պետության ղեկավար Ալիևի այն հայտարարությանը, թե Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանի արևմտյան շրջանի և Նախիջևանի միջև կապ ապահովել, ասաց, որ ՀՀ իշխանությունն այսօր էլ է պատրաստ այդ կապն ապահովել։

Ավելին՝ Փաշինյանն այսօր ուշագրավ հայտարարություն արեց, որ Ադրբեջանն այսօր կարող է մի քանի կետով հատել Հայաստանի Հանրապետության սահմանը և երթևեկել դեպի Նախիջևան․

«Եթե բառացի ու տառացի մեկնաբանենք, նշված է, որ մենք պետք է ապահովենք Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ: Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջևան: Մենք երաշխավորում ենք այդ երթևեկության անվտանգությունը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Միայն Ղազախ-Իջևան հատվածով չէ, մենք դա կարող ենք ապահովել Վարդենիսի հատվածով, Սիսիանի հատվածում, Երասխի հատվածում, Գորիսի հատվածում, որտեղ վաղուցվանից մաքսային ծառայության հսկողություն ունենք, բայց այս ընթացքում Ադրբեջանը ոչ մի անգամ չի օգտվել, չի էլ փորձել օգտվել»։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը վրդովեցրել է Վարդենիս խոշորացված համայնքի բնակիչներին։ Զայրացած են հատկապես այն գյուղերի բնակիչները, որոնք 1 տարուց ավելի է գտնվում են ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ։ 168.am-ի հետ զրույցում մի քանիսն ասացին՝ դեմ են, որ թշնամին իրենց համայնքով ելումուտ անի, Փաշինյանին էլ մեղադրում են նման վտանգավոր հայտարարություն անելու համար․

Կարդացեք նաև

«Դե բարև՛ քեզ, Նիկո՛լ, շո՛ւտ պետք է նստեիր վարչապետ։ Իր էդ ասածը մեր սրտով չի, էդ ի՞նչ է խոսում, հասկանո՞ւմ է, գիտակցաբա՞ր է նման հայտարարություն անում, թե՞ անգիտակցաբար։ Կարող ա՞ մի տարի առաջ էլ ա ինքը էս թուրք շներին ասել՝ եկեք, մտեք մեր տարածք, որ մտել են մեր հող ու տեղավորվել։ Ասում էր՝ Արցախի էսքան տարածքները տվեցինք, որ խաղաղության պայմանագիր կնքենք, բա ո՞ւր է էդ խաղաղությունը։ Խոստացածդ խաղաղությունը գլխիդ կպնի, Նիկո՛լ․․․ Մեկը ես՝ համաձայն չեմ, որ ճանապարհ տա՝ ո՛չ Վարդենիսով, ո՛չ էլ մեկ այլ տարածքով»։

Գյուղացիներին զայրացրել է հատկապես այն, որ թե՛ Փաշինյանը, թե՛ իր պատգամավորներն ու նախարարները ընտրություններից հետո իրենց հետ չեն հանդիպել, իրենց վիճակով չեն հետաքրքրվել, իսկ այսօր փափուկ աթոռին նստած՝ մեծ-մեծ խոսում են, թուրքի առաջ երկրի դռները բացում․

«Նիկո՛լ, դու ո՞վ եղար, որ մեր փոխարեն նման որոշումներ կայացնես, հայտարարություններ անես։ Դու էսքան վախտ մի հատ չես բարեհաճել գալ մեր գյուղերը, բայց էսօր որոշում ես, որ թուրքը, ադրբեջանցին կարող է մեր տարածքով մտնի ու դուրս գա։ Խելքդ գլուխդ հավաքիր, արդեն զզվել ենք քեզնից, թող հեռացի՛ր, պարտության խորհրդանիշ․․․»։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կնքած եռակողմ պայմանագրի 9-րդ կետում մասնավորապես նշված է՝

«Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»։

Ի դեպ, առ այս պահը Ադրբեջանի արևմտյան հատվածից դեպի Նախիջևան տրանսպորտային կապի միջոցների տեղաշարժը կազմակերպելու վերաբերյալ որևէ տեղեկություն չի հրապարակվել։ Ավելին՝ դեռ նախորդ տարվանից քննարկվող Երասխ, Ջուլֆա, Օրդուբադ, Մեղրի, Հորադիզ երկաթուղու կառուցման աշխատանքների վերաբերյալ ևս տեղեկություններ չկան։

Փոխարենը՝ Փաշինյանն այսօր Ադրբեջանի արևմտյան հատվածից դեպի Նախիջևան ավտոճանապարհի նոր առաջարկներով հանդես եկավ։

Տեսանյութեր

Լրահոս