Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել ենք Երասխ, Ջուլֆա, Օրդուբադ, Մեղրի, Հորադիզ երկաթուղու կառուցման պայմանավորվածությունը. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին՝ նախքան օրակարգի հարցերին անցնելը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին և որոշ մանրամասներ հայտնեց:
«Այդ մասին ես տեղեկացրել եմ, որ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ մենք վերահաստատել ենք Երասխ, Ջուլֆա, Օրդուբադ, Մեղրի, Հորադիզ երկաթուղու կառուցման մեր որոշումն ու պայմանավորվածությունը: Ուզում եմ հիշեցնել, որ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող եռակողմ՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում, որոնք համանախագահում էին երեք երկրների փոխվարչապետները: Ըստ էության այդ պայմանավորվածությունն արձանագրվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, և ահա Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպմանը այս ամենն արձանագրվեց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո.
«Հայաստանն այս երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն, Ադրբեջանը երկաթուղային կապ կստանա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ… Եթե մեզ հաջողվի արդյունավետ երկխոսություն սկսել Թուրքիայի հետ և հաջողվի հասնել սահմանին և կոմունիկացիաների բացմանը, այս նախագիծը կարող է ավելի մեծ մասշտաբ ստանալ, այսինքն՝ ըստ էության երկաթուղին, որի մասին խոսում ենք, Երասխից մինչև Գյումրի գոյություն ունի, և գիտեք, որ Գյումրիից Կարս երկաթուղի ևս գոյություն ունի, բայց այս ամենն ասում եմ հետևյալի համար, որ մենք պետք է սկսենք երկաթուղու շինարարությունը, իհարկե, մինչև բուն շինարարությունը մեծ աշխատանք կա անելու, նախագծելու, մրցույթներ հայտարարելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու, իհարկե, այդ աշխատանքի մի մասն արդեն իսկ արված է, բայց հիմա պետք է գործնական և ամենօրյա աշխատանքով լուծենք այս խնդիրը… Մեր մտադրությունը և ցանկությունն է՝ օր առաջ ունենալ այդ երկաթուղին…»:
Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ սա կարևոր պայմանավորվածություն է, և հույս ունի, որ այն ճշգրիտ կիրագործեն, որն էականորեն կփոխի տարածաշրջանի տնտեսական, ներդրումային, ինչպես նաև քաղաքական ու անվտանգային միջավայրը: