«Ոչ ոք համաձայն չէ, եղբայր, ինչո՞ւ եք անում այդ բանը». հայկական ժողովրդական արվեստը ներկայացնող երաժշտական և պարային խմբերը դեմ են միավորմանը
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ստեղծման նախագիծը: Ըստ այդմ՝ «Հայաստանի պարի պետական անսամբլ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ»-ը միաձուլման ձևով կվերակազմակերպվեն:
Հանրային քննարկման դրված նախագծի հեղինակները հիմնավորման մեջ նշում են, որ «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությանհիմնական նպատակներն են՝ ժողովրդական երաժշտության և պարարվեստի ոլորտներում կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու զարգացումը, հասարակության հոգևոր պահանջների ձևավորումն ու բավարարումը, գեղարվեստական բարձրարժեք արդյունքի ապահովումը և կատարողական արվեստի քարոզչությունը, ժողովրդական երաժշտական ստեղծագործություններին ու մշակույթին հանրությանը հաղորդակից դարձնելը: Որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է դաշտում գործող և գործունեության մշտական հարթակներ չունեցող 6 մշակութային կազմակերպությունների համար աշխատանքային և ստեղծագործական բարենպաստ պայմանների ստեղծմամբ: Ներկայում Հայաստանում գործող պետական կարգավիճակ ունեցող 6 մշակութային կազմակերպություն չունեն իրենց հիմնական գործառույթներից բխող գործունեությունը (փորձեր և համերգներ) իրականացնելու մշտական հարթակներ և տեղակայված են այլ կառույցներին պատկանող տարածքներում։ Այսպես՝ «Հայաստանի պարի պետական անսամբլը» գործում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում,Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը՝ «Ա․Խաչատրյան համերգասրահ»-ի նկուղային հարկում,«Թ․Ալթունյանի անվ․ երգի-պարի պետական համույթը»՝ Հայաստանի երգչախմբային ընկերությունում:
Ըստ նույն հիմնավորման՝ միաձուլման պարագայում կվերանան ՊՈԱԿ-ների բնականոն գործունեությունը խոչընդոտող բազմաթիվ հանգամանքներ՝ միասնական տոմսային տնտեսության վարմամբ, գովազդատեղեկատվական հարթակի ապահովմամբ:
Ներկայում, ՊՈԱԿ-ների թվակազմը ունի հետևյալ պատկերը․
«Հայաստանի պարի պետական անսամբլ» ՊՈԱԿ՝ 71 հաստիք
«Հայաստանի պարարվեստի «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» ՊՈԱԿ՝ 88 հաստիք
«Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն պետական համույթ» ՊՈԱԿ՝ 52 հաստիք
Ոլորտում առկա հիմնախնդիրներից են նաև պրոֆեսիոնալ կոմպոզիտորների և կոլեկտիվների կապի խզումը, նվագացանկի և երգացանկի գեղարվեստական անորոշությունը, ժողովրդական տարազների նշանագիտական խեղաթյուրումը, գեղարվեստական չափանիշների և ճաշակի խնդիրը՝ մեծ իմաստով: Միասնական կառավարման բացակայության հետևանքով չեն համադրվում ժողովրդական երաժշտության ու պարի ոլորտում յուրաքանչյուր պետական կառույցի ռազմավարական առաջնահերթությունները և առաջնային առաքելությունը: Չեն իրականացվում միասնական գովազդատեղեկատվական արշավների, հանրային իրազեկման և գեղարվեստական արդիականացման միջոցառումներ:
Նորաստեղծ ՊՈԱԿ-ի կազմ կընդգրկվեն նաև ժողովրդական ժանրում մշակութային գործունեություն ծավալող ևս 3 ստեղծագործական խումբ, որոնք այժմ գործում են «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ներքո՝ «Հայաստանի ազգային նվագարանների նվագախումբ»-ը, «Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական համույթ»-ը և «Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթ»-ը:
ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով նախագծին՝ ընդգծել է, որնպատակը ոչ թե ինչ-որ մի բան լուծարելը,, փակելը կամ հրաժարվելն է, այլ ընդհակառակը, ինչ-որ մի բան փրկելն է, բարելավելը և այդ կառույցների առաջընթացն ապահովելն է:
«Մենք իսկապես կարիք ունենք ժողովրդական երգի, պարի բլոկը բոլորովին նոր փաթեթավորմամբ հանրությանը ներկայացնել: Կարիք ունենք այնպիսի ուշադրություն դարձնել, որի արդյունքումժողովրդական արվեստը կդառնա երիտասարդության նախընտրելի ոլորտը, կշարժի նրանց հետաքրքրությունը, որովհետև մի բան է, որ 65, 70, 80 տարեկան մարդիկ են լսում ժողովրդական երաժշտություն, սիրում ժողովրդական պարը, բոլորովին այլ բան է երիտասարդության ընդգրկվածությունը և ուշադրությունը, որն այդ արվեստի կենսունակության երաշխավորն է:
Դա նշանակում է, որ պետք է ուշադրություն դարձնել նվագացանկին, երգացանկին, տարազներին: Անցած տարի ոլորտի առաջատար մասնագետներից կազմակերպեցինք մի հանձնախումբ, որտեղ ընդգրկված էին և Կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմը, և երաժշտագետներ, տարազագետներ, կոմպոզիտորներ: Լսումներ կազմակերպեցինք և տեսանք, որ անելիքները շատ են: Ես չեմ կարող կաբինետում նստած հետևել, թե շուրջ 6 ՊՈԱԿ ինչ գործունեություն են ծավալում, ով ինչ համերգ է տալիս, որքանով է երգացանկը, նվագացանկը համապատասխանում իր կանոնադրական խնդիրներին: Մենք հասկացանք, որ պետք էմեկ միասնական կառավարում, մեկ կառավարիչ, ով պատասխանատվություն կկրի այս կառույցների լիարժեք գործունեության համար»,- նշել է ԿԳՄՍ փոխնախարարը:
Հայաստանի Գուսանական և Ժողովրդական Երգի Պետական Անսամբլի տնօրեն Հրաչ Նազարյանը 168.am-ի հետ զրույցում միավորման գաղափարը համարեց անտեղի ու անիմաստ:
«Ոչ ոք էլ համաձայն չէ միավորմանը, երևի մենակ փոխնախարարն է համաձայն: Գոնե հանդիպում կազմակերպեն, գան, նստեն, մարդկանց հետ խոսեն, լսեն: Ընդհանրապես մենք արդեն ՊՈԱԿ-ի մեջ ենք: Ուզում են միավորել, մի տեղ սարքե՞լ, անիմաստ է: Չեն կարող, ավելի են փչացնելու: Ես ինչքան գիտեմ՝ ոչ մեկը համաձայն չէ այս միավորմանը: Լավ, միացանք՝ նկուղներից դուրս են գալու, նոր տե՞ղ են տալու:Մեր անսամբլն արդեն 40 տարեկան է, 30 տարի դրսում ենք եղել, որտեղ ասես մնացել ենք: Հիմա տեղ ունենք, նորմալ աշխատում ենք: Ամեն ինչ նորմալ է, բայց պետք է անպայման փչացնե՞ն: Ոչ ոք համաձայն չէ, եղբայր, ինչո՞ւ եք անում այդ բանը»,- նշեցՀրաչ Նազարյանը:
Ինչ վերաբերում է խնդիրներին՝ ասաց, որ դրանք շատ են՝ սկսած աշխատավարձից, որը միշտ եղել է, կա ու լինելու է:
«Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլից» խուսափեցին հարցերին պատասխանել, քանի որ, ըստ նրանց, կարևորը դեմ առ դեմ հանդիպումն է, քան հեռախոսազրույցը: